«Ինձ շատ մտահոգում է գնաճի ցուցանիշը։ Երբ մենք ասում ենք, որ տարին ավարտել ենք 1,8 տոկոս գնաճի ցուցանիշով և դա շատ լավ է, միգուցե սպառողի տեսանկյունից լավ է, բայց տնտեսական քաղաքականության տեսանկյունից ահազանգող է։ Ինչո՞ւ։ Որովհետև չմոռանանք, որ խոշոր անկում է եղել գյուղատնտեսության ոլորտում, շուրջ 8 տոկոսանոց անկում, և դա հանգեցրել է նրան, որ գյուղացու արտադրողի գների ինդեքսը շուրջ 13 տոկոսանոց աճ է ունեցել։ Ես պատկան մարմինների ուշադրությունը կհրավիրեմ, որ հարկաբյուջետային քաղաքականությունը գոնե 2019-ին լինի փոքր-ինչ ընդլայնող»,- լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ հավելելով, որ ունենալ ցածր գնաճ, երբ գյուղատնտեսության ոլորտում ունեցել ես անկում և գների աճ, պետք է անհանգստացնի։
Մեր հարցին, թե հնարավո՞ր է իրականացնել վարչապետի ասած տնտեսական հեղափոխությունը, Վարդան Արամյանը պատասխանեց․ «Տնտեսական հեղափոխություն ասածի տակ պետք է հասկանանք՝ ինչը նկատի ունեն։ Օրինակ՝ 10 տոկոսանոց տնտեսական աճը կարելի՞ է համարե՞լ տնտեսական հեղափոխություն, թե՝ ոչ։ Տնտեսագիտության պատմության մեջ երևի մի քանի հատ տնտեսական հեղափոխություն է եղել, անկեղծ ասած։ Կառավարության ծրագրում բավականին ամբիցիոզ բաներ կա, ես կխնդրեի մեր կառավարությանը մի փոքր ավելի պահպանողականություն ձևավորեն խոստումների առումով։ Որովհետև եթե մենք աշխատավարձի, թոշակի բարձրացման խոստումներ ենք տալիս, դա սպասումներ են ձևավորում, իսկ եթե դու չունես պերմանենտ բարձրացման հնարավորություն, պետք չէ խոստումներ տալ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը