ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը պարզաբանում է տարածել միջազգային պահուստների նվազման վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է․
ՀՀ միջազգային պահուստների փոփոխության գնահատման և վերլուծության համար կարևոր է ուսումնասիրել ավելի երկար ժամանակահատված և զերծ մնալ ամիսների ընթացքում տեղի ունեցած կարճաժամկետ սեզոնային տատանումների վերլուծությունից:
ՀՀ միջազգային պահուստները 2018 թվականի ընթացքում նվազել են շուրջ 55 մլն ԱՄՆ դոլարի չափով: 2018 թվականի ընթացքում ՀՀ միջազգային պահուստների շարժի հիմնական գործոններից է հանդիսացել ՀՀ կառավարության կողմից պետական պարտքի մարման և սպասարկման համար զուտ վճարված շուրջ 200 մլն ԱՄՆ դոլարը:
ՀՀ կենտրոնական բանկի այլ գործառնությունների շնորհիվ (արտարժույթի առք, միջազգային պահուստների կառավարումից ստացված եկամուտ և այլն) միջազգային պահուստները չեն նվազել այդ չափով:
Միաժամանակ կարևոր է նշել, որ միջազգային պահուստների բավարար լինելու չափը չի որոշվում բացարձակ մեծությունով:
ՀՀ միջազգային պահուստների մակարդակը շարունակում է համապատասխանել արտարժութային պահուստներին ներկայացվող հիմնական պահանջներին, մասնավորապես` հնարավոր արտաքին ցնցումները մեղմելու կարողության առումով:
Նաև որպես այլ փաստարկ, ներկայացնենք ԱՄՀ-ի կողմից գնահատվող միջազգային պահուստների բավարար լինելու մեթոդաբանությունը և գնահատականը՝ https://www.imf.org/external/datamapper/ARA/index.html
Կայքի միջոցով վերլուծելով ՀՀ միջազգային պահուստների մակարդակի գնահատականը, կարող եք համոզվել, որ վերջինս ոչ միայն բավարարում է ԱՄՀ-ի կողմից ներկայացված ամենախիստ պահանջին, այլ նաև ավելի բարձր է գնահատվում հարևան երկրների համեմատ:
Ֆինանսական շուկաներում ձևավորված միտումների և ակնկալվող զարգացումների ներքո ՀՀ կենտրոնական բանկը շարունակել է նվազագույն ռիսկերով ՀՀ միջազգային պահուստների կառավարման իր որդեգրած ռազմավարությունը, որն ուղղված է միջազգային պահուստների ապահովության, իրացվելիության ու արդյունավետ կառավարման ապահովմանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը