ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ ազգային վիճակագրական պետական կոմիտեի հրապարակած տվյալներին.
«25.02.2019 թվականին, ՀՀ ազգային վիճակագրական պետական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական ամփոփ տվյալները 2019 թվականի հունվար ամսվա համար, կարծում եմ՝ տեղին կլինի այս տվյալները ներկայացնել համեմատելով 2018 թվականի հունվարի հետ, ինչը հնարավորություն կտա գնահատել այս կառավարության տնտեսական ոլորտի արդյունավետությունը: Հիշեցնեմ, որ 2019 թվականի պետական բյուջեի համաձայն՝ 2018 թվականին պետք է գրանցեինք 6,5 տոկոս տնտեսական աճ, սակայն փաստացի ունենք 5,2 տոկոս. շեղումը կազմում է 1,3 տոկոս:
Եվ այսպես՝ 2019 թվականի հունվարին գրանցվել է 6.1 տոկոս աճ (2018 հունվարին աճել էր 10,2 տոկոս), այդ թվում՝ 2019 թվականի հունվարին արդյունաբերությունը նվազել է 0,4 տոկոսով (2018 հունվարին աճը կազմել էր 13,9 տոկոս), շինարարության ծավալը ավելացել է 22,1 տոկոս (2018 հունվարին ավելացել էր 19,7 տոկոս), առևտրի շրջանառությունը ավելացել է 19,3 տոկոս (2018 հունվարին աճել էր 17,3 տոկոս), ծառայությունների ծավալը աճել է 15,6 տոկոսով (2018 հունվարին աճել էր17,3 տոկոսով): Բիզնեսի տեսանկյունից մտահոգիչ է 2019 թվականի հունվարին 0,6 տոկոս սպառողական գների ինդեքսի աճը: Առավել մտահոգիչ է 2019 թվականի հունվարին արտաքին առևտրաշրջանառության անկումը 7,6 տոկոսով, այն դեպքում, երբ 2018 հունվարին արտաքին առևտրաշրջանառությունը աճել էր 47,6 տոկոսով: 2019 հունվարին արտահանումը նվազել է 15,8 տոկոսով(2018 հունվարին արտահանումը աճել էր 45,2 տոկոս), ներմուծումը նվազել է 3,3 տոկոսով(2018 հունվարին ներմուծումը աճել էր 48,9 տոկոս):
Այսպիսով՝ 2019 թվականի հունվարի սոցիալ-տնտեսական տվյալները ավելի ցածր են և ոչ ներառական, ինչը պետք է հուշի գործող իշխանություններին հրաժարվել իրենց նեոլիբերալ տնտեսական քաղաքականությունից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը