2018 թվականի hունիսի վերջից բնապահպան ակտիվիստներն ու տեղաբնակները փակել են Ամուլսարի հանքի շինհրապարակ տանող ճանապարհները` խոչընդոտելով Լիդիան ընկերության աշխատակիցներին հանք մուտք գործել և ամբողջականացնել հանքի շահագործման շինարարական աշխատանքները, քանի որ վերջիններիս պնդմամբ` հանքը վտանգ է ներկայացնում շրջակա ջրային միջավայրին, իրենց առողջությանը, սպառնալիք է տարածաշրջանի զբոսաշրջային ներուժին:
«Գրիգորյան ընդ Փարթներս» իրավաբանական ընկերության կողմից մշակվել է իրավական գրառում` «Լիդիանն ընդդեմ Հայաստանի: Օտարերկրյա ներդրումների պաշտպանությունը հեղափոխությունից հետո» թեմայով, որը վերլուծում է ինչպես օտարերկրյա ներդրողի, այնպես էլ պետության հնարավոր պաշտպանության մեխանիզմները ներդրումային արբիտաժում:
Հայաստանը երկկողմ ներդրումային համաձայնագրեր ունի շուրջ 43 երկրների հետ: 1996 թվականին Միացյալ Թագավորության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է երկկողմ ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագիր, որի շրջանակներում օտարերկրյա ներդրողներին վերապահված է իրավունք` պահանջելու վնասների փոխհատուցում ներդրումային արբիտրաժի միջոցով:
Վերլուծության սկզբում անդրադարձ է կատարվում ներդրումային արբիտրաժում օտարերկրյա ներդրողի հնարավոր պահանջներին և պաշտպանության միջոցներին, մասնավորապես`պետության ստանձնած պարտավորություններին` ներդրողին և վերջինիս ներդրումներին իր տարածքում մշտապես ցուցաբերելու «արդար և հավասար վերաբերմունք» (fair and equitable treatment), ապահովելու ներդրումների «ամբողջական պաշտպանությունը և անվտանգությունը» (full protection and security) արտաքին անբարենպաստ ազդեցություններից, իսկ բռնագրավման (expropriation) դեպքում համարժեք փոխհատուցում տրամադրելու, որը պետք է լինի արագ, համարժեք և արդյունավետ:
Այնուհետև, վերլուծությամբ ներկայացվում են պետության շահերի պաշտպանության հնարավոր իրավական մեխանիզմները, մասնավորապես` միջազգային իրավունքում հանրահայտ «իրավիճակից բխող անհրաժեշտության» սկզբունքին, ինչպես նաև պետության «կարգավորման իրավունքի դոկտրինային» (police power doctrine), որով պետության կողմից կարգավորող միջոցառումների իրականացումը չի ենթադրում փոխհատուցում ներդրողին, եթե այդ միջոցառումները եղել են` հանրային շահով պայմանավորված, ոչ խտրական և համաչափ: «Հանրային շահ» ասելով տվյալ դեպքում ենթադրվում է «հասարակական կարգի, բնապահպանության, հանրային առողջության» պաշտպանությունը:
Եթե արբիտրաժային տրիբունալը որոշի, որ Հայաստանի կողմից խախտվել են միջազգային իրավունքով և տեղական օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունները, ապա օտարերկրյա ներդրողը կստանա նյութական և բարոյական վնասների փոխհատուցման իրավունք: Այդ պարագայում` օտարերկրյա ներդրողի կրած բոլոր վնասները կստանան անհապաղ փոխհատուցում, որը կհաշվարկվի ընթացիկ շուկայական արժեքով կամ այսպես կոչված` «զեղչված դրամական հոսք» բանաձևով:
Գրառմանը կարող եք ծանոթանալ այստեղ։
Սարգիս Գրիգորյան, Գրիգորյան ընդ Փարթներս
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը