Փետրվարի 7-ին Ազգային ժողովում մեկնարկել է «Իմ քայլը» խմակցության նիստը, որին մասնակցում է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նա չցանկացավ մանրամասնել, թե ինչ են քննարկելու, քանի որ հանդիպումը փակ է:
Անդրադառնալով կառավարության գործունեության ծրագրին, նախարարն ասաց, որ բնական է երբ ծրագրում բացակայում են կոնկրետ թվեր, ցուցանիշներ։ Նրա խոսքով՝ որևէ կառավարություն ինքն է որոշում, թե ծրագիրն ինչպես պետք է լինի, ինչը պետք է շեշտադրվի և ինչ չափով: Հարցին, թե կառավարության ծրագրի գործունեության արդյունքում հնարավո՞ր է հասարակությունը զգա կյանքի որակի բարելավում, նախարարը պատասխանեց.
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հասարակությունը զգա դա, որովհետև որ ասում ենք հասարակություն հավաքական հասկացության մասին ենք խոսում։ Ունենալ այնպիսի իրավիճակ, որ հասարակության բոլոր անդամները հավասարապես զգան այդ փոփոխությունները ավելի շատ ցանկության է նման, քան իրականում հնարավոր է հասնել։ Բայց գոնե պետք է հասնել ընկալման, որ այն, ինչ տեղի է ունենաում արդարաբար է»,- ասաց նա։
Հարցին, թե ճիշտ են տեղեկությունները, որ ինքը 10 հազար դոլար պարգևատրում է ստացել, Ջանջուղազայանն ասաց, որ իր աշխատավարձերը հրապարակված են: Նա նշեց, որ 2018 թվականին 10 տոկոսով է ավելի վարձատրվել, քան 2017 թվականին:
Նախարարն ասաց, որ պետական բյուջեով նախատեսված պարգևավճարների տողից ավելի գումար ոչ ոքի չի վճարվել: «Եվ ոչ թե ձեր ասած կես միլիոն դոլարի մասին է խոսքը, այլ ավելի մեծ է գումարը: Թիվն էլ կարող եմ ասել՝ 2018 թվականին եղել է ամբողջ աշխատավարձի ֆոնդի 10 տոկոս գումարած 30 տոկոս: 10 տոկոս քացաքացիական ծառայողների համար, 30 տոկոսն էլ որպես պարգևատրման առանձին տող: Եվ դա օրենքով է նախատեսված, հետևաբար, շատ ու քչի հարց այստեղ չկա»,- ասաց Ջանջուղազյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը