Հայաստանի բանկերի միության հանրային կապերի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի գլոբալ մրցունակության գնահատականներում էականորեն բարելավվել են նաև ֆինանսական և բանկային ցուցանիշները:
Միությունից հիշեցնում են, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից պարբերաբար հրապարակվում է աշխարհի շուրջ 137 երկրների համաշխարհային մրցունակության զեկույցը: Հիշյալ զեկույցի հիմքում դրվում են Գլոբալ մրցունակության ինդեքսի (ԳՄԻ) 12 հիմնական ուղղություններում խմբավորված ավելի քան 100 ցուցանիշներ, որոնց շրջանակներում առանձնահատուկ տեղ է հատկացվում ֆինանսական շուկայի զարգացվածության արդյունքներին:
Առավել հատկանշական է այն հանգամանքը, որ համաշխարհային մրցունակության ինդեքսում 2017-2018թթ. Հայաստանն իր դիրքերը, ի թիվս հանրային կյանքի այլ ոլորտների, բարելավել է նաև «Ֆինանսական շուկայի զարգացվածություն» հատվածում՝ նախորդ զեկույցի 90-րդ հորիզոնականից տեղափոխվելով 78-րդ հորիզոնական:
Այս ցուցանիշի բարելավմանը նպաստել են մի շարք ենթաուղղություններում գրանցված դրական զարգացումները, մասնավորապես՝ «Ֆինանսական ծառայությունների հասանելիություն» հատվածում մեր երկրի դիրքը նախորդ 99-րդ հորիզոնականից տեղափոխվել է դեպի 96-րդ հորիզոնական, «Վարկերի մատչելիություն՝ միայն բիզնես պլանով և առանց գրավի» չափորոշիչում ունենք 6 սանդղակի չափով բարելավում և նախորդ 71-րդ հորիզոնականի փոխարեն զբաղեցված է 65-րդ հորիզոնականը:
Ներկայացվող հատվածում զգալի բարելավում է արձանագրվել նաև ֆինանսա-բանկային համակարգի նկատմամբ վստահելիության բաղադրիչում, ըստ որի բանկերի հուսալիության առումով մեր երկրի դիրքը նախորդ 80-րդ տեղից տեղափոխվել է դեպի 75-րդ տեղ, իսկ արժեթղթերի շրջանառության կարգավորումների ասպարեզում 85-րդ հորիզոնականից անցում է կատարվել դեպի 79-րդ հորիզոնականը:
Գլոբալ մրցունակության գնահատականների բարելավումների շարքում առկա է նաև այլ դիտարկում, ըստ որի օրենսդրական իրավունքների ինդեքսում մեր երկիրը զբաղեցրել է աննախադեպ բարեհաջող դիրք՝ նախորդ 68-րդ հորիզոնականի փոխարեն այժմ լինելով 30-րդը: Եվ բոլոր վերլուծությունների տրամաբանությունը հուշում է, որ օրենսդրական դաշտի ու ֆինանսական հատվածի ցուցանիշների բարելավումներում առկա է փոխգործակցություն. օրենսդրական բարեփոխումները՝ դատական վեճերի կրճատումները, իրավական ոլորտի գործունեության արդյունավետության բարձրացումը, հանգեցնում են երկրի ֆինանսա-բանկային համակարգի մրցունակության գնահատականի ակնհայտ բարձրացմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը