Yerkir.am-ը գրում է․ «Կառավարության նախաձեռնած հարկային «բարեփոխումների» առանցքում եկամտահարկի համահարթեցումն է: Սրա հիմքում ևս ընկած են տնտեսության պետական կարգավորմանը վերաբերող՝ հնից եկող ու հետևողականորեն շարունակվող նեոլիբերալ մոտեցումները:
Մասնավորապես` օրվա կառավարությունը առաջարկում է եկամտահարկի եռաստիճան պրոգրեսիվ սանդղակը համահարթեցնել և նախատեսել միասնական մեկ դրույքաչափ՝ 23 տոկոս: Բազմիցս նշել ենք, որ առաջարկվող այս փոփոխության հիմքում ընկած է բացառապես շուկայական կարգավորմանն ապավինելու մոտեցումը, որն էլ անխուսափելիորեն պետք է ապահովի իրական եկամուտների ձևավորումը` «Շատին՝ շատ, քչին՝ քիչ» սկզբունքով:
Անշուշտ, առաջարկվող այս մոտեցումը խիստ մտահոգիչ է սոցիալական արդարության տեսանկյունից և ամբողջապես հակասում է սոցիալական պետության գաղափարախոսությանը, որն, ի դեպ, դեռևս ամրագրված է մեր երկրի Սահմանադրությամբ: Այս սկզբունքի գործադրումն իրականում չի կարող նպաստել մեր երկրի տնտեսության սոցիալական ներառական զարգացմանը, որն, ի դեպ, որպես հիմնական նպատակ, հռչակել է օրվա կառավարությունը:
Այս փոփոխության արդյունքում չեն ավելանալու աշխատող աղքատների իրական եկամուտները, որոնք կազմում են աշխատողների քառորդ մասը: Փոխարենը էապես աճելու են բարձր եկամուտներ ունեցողների իրական եկամուտները: Այս փոփոխությամբ գործատուների համար չի լինելու առարկայական որևէ խթան՝ ցածր աշխատավարձով աշխատողների վարձատրությունը առաջանցիկ ավելացնելու համար:
Անհրաժեշտ է օբյեկտիվորեն արձանագրել նաև, որ մեր երկիրը եկամտահարկի ամենաբարձր դրույքաչափ ունեցող երկրների խմբում է, չնայած այն հանգամանքին, որ առկա են միջին աշխատավարձի ցածր մակարդակ և ստվերային վարձատրության բարձր մակարդակ, գործազրկության և աղքատության քրոնիկ բարձր մակարդակներ, աշխատողների շրջանում աշխատող աղքատների մեծ տեսակարար կշիռ և այլն: Հետևաբար՝ եկամտահարկի դրույքաչափի նվազեցումը օբյեկտիվ անհրաժեշտություն է:
Սակայն մտահոգիչ է, որ եկամտահարկի` առաջարկվող փոփոխությունները, որոնք նախատեսում են միայն բարձր եկամուտ ունեցողների համար հարկային բեռի թեթևացում, անխուսափելիորեն կհանգեցնեն եկամտահարկի գծով պետական բյուջեի մուտքերի կրճատում: Իսկ այս կրճատումն էլ, բնականաբար, նախատեսվում է փոխհատուցել անուղղակի հարկերի ավելացմամբ: Սա էլ անխուսափելիորեն կհանգեցնի սպառողական ապրանքների գների բարձրացման:
Մյուս կողմից` եկամտահարկի դրույքաչափերի համահարթեցումը բացառում է եկամուտների պրոգրեսիվ հարկման հնարավորությունը` «Շատից՝ շատ, քչից՝ քիչ» սկզբունքով: Արդյունքում՝ վերանում է նաև եկամտահարկի սոցիալական կոմպոնենտը, որն օբյեկտիվ անհրաժեշտություն է առնվազն աշխատող աղքատների եկամուտների առաջանցիկ ավելացման, ինչպես նաև նպաստառու գործազուրկների շրջանում կայուն աշխատանքը խրախուսելու համար:
Փաստորեն, ամեն գնով առաջ մղվող հարկային այս փոփոխությունները գործնականում անփոփոխ կթողնեն ցածր եկամուտ ունեցողների իրական եկամուտները: Մյուս կողմից, նպաստելով սպառողական գների բարձրացմանը, էլ ավելի են խորացնելու ցածր եկամուտ ունեցողների սոցիալական խնդիրները:
Հատկանշական է նաև, որ այս փոփոխություններով փորձ է արվում սահուն կերպով քողարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պահպանումը, որի մաս է կազմում պարտադիր սոցիալական վճարը:
Ամփոփելով` համարում ենք, որ եկամտահարկի բարեփոխումներով պետք է ամբողջականացվի այդ հարկատեսակի սոցիալական կոմպոնենտը՝
Եկամտահարկի դրույքաչափի նվազեցմանը զուգահեռ, սոցիալական ներառական զարգացման համար առարկայական անհրաժեշտություն է նաև նվազագույն աշխատավարձի բարձրացումը և սահմանումը՝ միջին աշխատավարձի 50-60 տոկոս միջակայքում, որն, ի դեպ, մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորություններից է»։
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը