20 11 2018

Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է իջեցնել. Միքայել Մելքումյան

Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է իջեցնել. Միքայել Մելքումյան

Գազի սակագնի իջեցման հնարավորություններ, ինչպես էլեկտրաէներգիայի դեպքում, ևս կան: Այս մասին նոյեմբերի 20-ին հայտարարեց ԱԺ-ում ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, սակայն չնշեց, թե այս դեպքում քանի տոկոս իջեցում է հնարավոր ապահովել:  

Նա ներկայացրեց բոլոր այն ռեզերվները, որոնց ուշադրություն դարձնելու դեպքում սակագնի իջեցում հնարավոր է ապահովել: Մելքումյանը շեշտեց, որ խոսքը միայն չի վերաբերում ՀԷՑ-ի մարժային, այլ նաև արտադրող կայաններին: «Գազամատակարարման համակարգում արձանագրել ենք մի քանի խնդրահարույց հարց.  առաջինը վերաբերում է անխուսափելի տեխնոլոգիական կորուստներին, որը 6,69% է կազմում սակագնի մեջ»,-ասաց նա, հավելելով, որ մեկ տոկոս կորուստը համարժեք է 20 մլն/մ խմ գազին:

Միքայել Մելքումյանի խոսքով՝ գազաբաշխման կորուստը կազմում է 2%, մինչդեռ մայրուղային մատակարարման մասով կորուստը  4,3 տոկոս է: «Այսինքն՝ ստացվում է մայրուղային հատվածով գազը գնում է ու չկա: Դա վերաբերում է Վրաստանից Հայաստան փոխադրվող հատվածին, իսկ երկուսի միջև տարբերությունը կազմում է 15 կմ: Այսինքն՝ այն թիվը, որ ֆիքսում է Կարմիր կամուրջ հատվածում հաշվիչի վրա և Նոյեմբերյանի Կողբ գյուղի հատվածում հաշվիչի վրա, տարբերություն կա, որը 90 մլն խմ գազ է, և որը  քիչ չէ»,-ասաց նա և հաստատեց, որ կորուստը վրացական սահմանից է:

Բանակցային գործընթաց է ընթանում գազի սակագնի իջեցման, բայց, ելնելով ՀԾԿՀ-ի և Գազպրոմին միջև կնքված համաձայնագրից, որ ամեն տարի կնքում են սակագնի որոշման համար, կետ կա, որ 18թ. սակագինը նույնը պետք է լինի, ինչ 17թ. էր:

Գազպրոմի գործունեության հիմքում, ըստ համաձայնագրի, ընկած է այնպիսի շահութաբերության մակարդակ, որը երաշխավորվում է երկար տարիների համար կայուն շուկա, այսինքն՝ մինչև 2042 թ., և  պարզ չէ, թե ինչով է պայմանավորված շահութաբերության մակարդակը: 2015թ. հունվարի մեկից, երբ որ սահմանին 1000 խմ գազը 189 դոլարից 165 դոլար դարձավ, սակագինը մնաց նույնը:

«8,9 մլրդ դրամ մնաց Գազպրոմին, իսկ հետագայում արդեն, երբ 165-ը 150 դարձավ, սակագինն իջավ, բայց ստացվում է, որ 2015-ից մինչև 2018 թթ. 8,9 մլրդ դրամով կուտակվում էր Գազպրոմում, այսինքն՝ 35,6 մլրդ դրամ էր կուտակվել: Պետք է հետաքրքրվել, թե որ ոլորտներում է ծախսվել, որը կարող էր օգտագործվել գազի սակագնի իջեցման համար»,-ասաց Մելքումյանը: Միքայել Մելքումյանը շարունակեց, որ բանակցությունները պետք է շարունակվեն սահմանին գազի գնի հավանական իջեցման համար, քանի որ ԵԱՏՄ անդամ մեկ այլ երկիր 132 դոլարով է սահմանին ստանում:

Նա նաև տարբերակ համարեց այն, որ գազի գնի սահմանման համար երկու խումբ չլինի: «Ինչո՞ւ պետք է երկու խումբ ունենանք, մինչև 10 000 խմ սպառողների համար 147 դոլար, իսկ 10 000 խմ ավելի 255 դոլար 1000 խմ համար»,-նշեց նա:

Մելքումյանը խոսեց նաև էլեկտրաէներգիայի սակագնի մասին. «Մենք ունենք ռեզերվներ փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի իջեցնելու մասով,  և եթե հայթայթվեն այդ գումարները, 3-ից 3,5 դրամով հնարավոր է իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, որը 8%-ի սահմաններում 39,9  դրամ է միջին սակագնի պայմաններում»:  Ըստ նրա՝ իջեցման հիմքում դրված են այն գործողությունները, որոնք պետք է անի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների  նախարարությունը և ՀԾԿՀ-ն, որոնք էլ պետք է բանակցեն և՛ արտադրող կայանների, և՛ բնական մենաշնորհ ունեցող ընկերության հետ, որպեսզի կարողանան ռեզերվները տեղագրեն:   

Իջեցման ռեզերվները պետք է փնտրել ոչ միայն ՀԷՑ-ում, այլև ամբողջ շղթան պետք է դիտարկեն, այսինքն՝ արտադրող կայանները նույնպես: Մելքումյանը նախ նշեց, որ ՀԷՑ-ը 39,9 դրամով է միջին սակագին սահմանել, իսկ միջինը արտադրող կայաններից գնում է  21,6 դրամով: «Պետք է տեսնել, թե որքանով է տրամաբանական, և դրա մեջ է շատ բան թաքնված, այսինքն՝ հիմնական ռեզերվը 21,6-ի մեջ է»,-ասաց նա և նկատեց, որ պետական սեփականություն հանդիսացող 2 կայանները՝ Ատոմակայանը և ՋԷԿ-ը, բաշխման ամբողջ ծավալի 55%-ն են կազմում:

Մելքումյանը նկատեց, որ 5 դրամ իջեցնելու համար 27 մլն դրամ է անհրաժեշտ: Երկրորդ կարևոր ռեզերվներից նա համարեց Իրան-Հայաստան գազամուղից ստացված ծավալների ավելացումը, որն արդեն  515-520 միլիոն խմ մետրի է հասնում: Երրորդ ռեզերվը, ըստ նրա, ՀԷՑ-ի շահութաբերությանն է վերաբերում, որը հիմա 14% է կազմում: Մելքումյանը նշեց, որ հանձնաժողովը գտնում է, որ շահութաբերությունը պետք է 14-ից 12-ի իջեցվի: Հանձնաժողովի նախագահը նաև կարևորեց մեկ այլ ռեզերվ, որը վերաբերում է կորուստներին: Ըստ նրա՝ այսօր փաստացի սակագնի մեջ այն հաշվարկված է 11, 3 տոկոս, մինչդեռ փաստացի 9,4 % է կազմում, և 2020թ. համար հաշվարկվել է նվազեցնել և հասցնել 7,5%:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ