13 11 2018

Նոր Հայաստան, նոր բյուջե էինք ակնկալում, բայց ունենք այն, ինչ ունենք. Սերգեյ Բագրատյան

Նոր Հայաստան, նոր բյուջե էինք ակնկալում, բայց ունենք այն, ինչ ունենք. Սերգեյ Բագրատյան

Հանրության սպասելիքները 2019 թվականի բյուջեից մի քիչ այլ էին. նոր Հայաստան, նոր բյուջե էին ակնկալում: Այս մասին բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Ինչևէ, այս պահին մենք ունենք այն, ինչ ունենք, այսինքն՝ այս պահին մենք ունենք իներցիոն բյուջե: Ես այսպես ձևակերպեմ՝ իներցիոն, կհամաձայնեք, թե ոչ, կնշեք ձեր պատասխանում: Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե արդյոք դուք մտածում եք բյուջեի ծախսային մասը նորովի քննելու, նոր բանաձևով հաշվարկելու մեխանիզմը, կա՞ ծախսերի չափելիության խնդիրը: Եթե, օրինակ, մենք ուզում ենք ՏՏ ոլորտը զարգացել, չպետք է իներցիոն նույն գումարը տրամադրենք, որքան այս տարվա բյուջեում է, պետք է համարձակ ձևով տեղաշարժ անենք»,-ասաց Բագրատյանը:

Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ հանրային սպասումները պետք է լինեն տարբեր, այլապես երբևէ չի լինում քննադատություն: Ինչ վերաբերում է բյուջեի իներցիոն լինելուն, նա ասաց, որ նախագիծը ներկայացնելիս հայտնել է, թե բյուջեն ինչ տրամաբանության մեջ է:

«Հիմա մենք ունենք այնպիսի իրավիճակ, ինչպիսին ունենք: Եթե միայն օրենքներով է սահմանված, թե որքան ծախս պետք է անենք, որը մեր ընդհանուր հնարավորության 70 %-ն է, միջազգային պարտավորությունների համաձայն, սահմանված է, որ մեր հնարավորության 11 %-ը պետք է ծախսենք: Կառավարության որոշումներով, որոնք բխում են օրենքներից, սահմանված է, որ 9-10 %-ը պետք է ծախսենք, և միայն 10 %-ը մնացել է հայեցողականության համար»,-ասաց Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ բյուջեի առանձնահատկությունն այն է, որ հերթական փուլն է թևակոխել այս գործընթացը, որտեղ գնահատվում են ոչ թե գործընթացները, ոչ թե ծախսվող ֆինանսական ռեսուրսները, այլ արդյունքները, որոնք այդ ֆինանսական ռեսուրսներով ակնկալվում է արձանագրել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ