Կառավարության ծրագրում հեղափոխական թեզեր էին գործունեության բոլոր ոլորտներում, սակայն այսօր հնչում են բոլորովին այլ գնահատականներ, որ բյուջեն իներցիոն է: Այս մասին նոյեմբերի 13-ին ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը:
«Ո՞ւր մնաց կառավարության ծրագիրը: Կամ մենք պետք է խոստովանենք, որ կես տարի առաջ մենք չէինք պատկերացնում, թե ինչի մասին ենք խոսում, կամ պետք է ասենք, որ ինչ-որ պատճառներով նսեմացնում ենք այն հնարավորությունները, որոնք ունենք: Կամ դրանք պետք է ակնկալենք եկող տարվա 5 ամիսների ընթացքում, որովհետեւ կառավարության ծրագիրը ներկայացվել էր մեկ տարվա համար»,-ասաց նա:
Գագիկ Մինասյանը նկատեց, որ 2017 թվականին գրանցվել է 7,5 տոկոս տնտեսական աճ, որն ամենաբարձրն էր ԵՏՄ-ում և տարածաշրջանում, 2018-ին աճը կանխատեսվում է 6,5 տոկոս, իսկ 2019-ի համար՝ ընդամենը 4,9 տոկոս:
«Որեւէ մեկը չի կարող պնդել, որ ունենք հեղափոխական աճ: Այստեղ իներցիոն բառն էլ տեղին չէ, քանի որ ակնհայտ է, որ կա ռեգրես, անկում: Արդյունաբերության աճը 2019-ին կկազմի 5 տոկոս, իսկ 2017-ին եղել է 6,5 տոկոս: Ծառայությունների ոլորտում աճը 2019-ին կկազմի 5 տոկոս, 2018-ին եղել է 8 տոկոս, իսկ 2017-ին՝ 12,4 տոկոս: Գյուղատնտեսության ոլորտում 2019-ին աճը կկազմի 4 տոկոս, որը գերազանցում է 2017-ի ցուցանիշը, երբ արձանագրվել էր 5 տոկոսից ավելի անկում: Շինարարության ոլորտում կանխատեսվում է 5,5 տոկոսի աճ, 2017-ին աճը կազմել էր 2,5 տոկոս:
Կապիտալ ներդրումների ոլորտում 2018-ին աճը ակնկալվում է, որ կկազմի 32,7 տոկոս, մինչդեռ նույն տարվա առաջին կիսամյակում եղել է 76,1 տոկոսի աճ: Իսկ 2019-ին այդ ոլորտում աճը կկազմի ընդամենը 6,1 տոկոս:
Մասնավոր ներդրումների աճը 2018-ի առաջին կիսամյակում կազմել են 86,9 տոկոս, ամբողջ 2018-ի համար աճը ակնկալվում է 52 տոկոս, իսկ 2019-ին այդ ցուցանիշը կկազմի ընդամենը 3 տոկոս: Ակնհայտ ռեգրեսի հետ գործ ունենք»,-հայտարարեց նա:
Նա նկատեց, որ վարչարարության բարելավման արդյունքում եկամուտները 2019-ին կանխատեսվում է 24 մլրդ դրամ, իսկ 2018-ին եղել է մոտ 20 մլրդ դրամ.
«Կառավարության ծրագրում նշվել է, որ ստվերը 30-40 տոկոս է, բա ուր են այդ ցուցանիշները, որ պետք է ավելացնենք վարչարարությունից: Թե՞ մեր գնահատականներն էին սխալ: Այս տարվա ավարտին հարկային եկամուտները նախորդ տարվա համեմատ աճելու է 1,3 տոկոսով: Բա ո՞ւր է պայքարը կոռուպցիայի դեմ»:
Այդուհանդերձ, Գագիկ Մինասյանն ասաց, որ իրենց հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Բյուջեի նախագծին, քանի որ չի կարող երկիրը մնալ առանց բյուջեի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը