«2019 թ. պետական բյուջեի» քննարկմանը ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանից ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հետաքրքրվեց․ «Լավ, մեր աղքատությունն ինչքա՞ն է կրճատվելու. չէ՞ որ մեր նպատակը դա է չէ՞, չունենալ աղքատ հասարակություն, ինչքա՞ն է կրճատվելու, այս հարցի պատասխանն ունե՞նք»։
«Բյուջեի 4,5% աճ ենք նախատեսում, եկամուտների աճ ենք նախատեսում, հարկեր-ՀՆԱ փոխում ենք, գումարները հավաքում, ծախսում ենք ու արդյունքում ի՞նչ ենք ունենում, մեկ շատ կարևոր ժողովրդագրական չափանիշ, որն ամենաէականն է՝ աղքատության չափը: Քանի՞ տոկոս է աղքատությունը կրճատվելու»,-հարցրեց Հակոբյանը՝ ընդգծելով, որ հարցը քաղաքական չէ, այլ ծրագրային բյուջետավորման սկզբունքի վրա է ձևավորված, և պետք չէ քաղաքական վերլուծականներ տանել այդտեղ:
Ֆիննախի պաշտոնակատարը նշեց, որ աղքատության կրճատման խնդիրը միշտ էլ հարցերի հարցն է: «Երբ քննարկում էինք ծրագրային ձևաչափով բյուջեի ներկայացումը, համաձայնեցինք, որ սա ճշգրիտ գիտություն չէ, բացարձակ բանաձևերի մասին չէ խոսքը, և մենք, ըստ էության, երբ գնահատում ենք նպատակները, տակը դնում ենք տրամաբանություն, որ օրինակ՝ եթե ունենք բարձր արտադրողական գյուղատնտեսություն, դա, ի վերջո, կհանգեցնի աղքատացման նվազեցմանը, բայց Ձեր հարցը խորն է՝ ինչ չափով կնվազեցնի: Դա ենթադրում է, որ դեռ չենք հասել այդ աստիճանի՝ դատողություն անել և գնահատել, եթե Ձեզ հայտնի է, քննարկենք և գտնենք ճիշտ լուծումները»,-նշեց նա:
Հակոբ Հակոբյանը համաձայնեց, որ աղքատության կրճատումը քաղաքական գնահատական է: «Բայց, երբ գրում ենք բյուջետային ծրագրավորում, լավ, մենք այդ բանաձևը պե՞տք է գտնենք, թե՞ ոչ»,-հարցրեց նա:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանն արձագանքեց, որ այսօր պետության կողմից տրվող միջոցներն ավելի շատ աղքատությունը մեղմելու միջոց են, քան աղքատության կրճատմանը նպաստելու:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը