02 11 2018

Քննարկվում է ակցիզային հարկի հնարավոր ավելացումը. Ատոմ Ջանջուղազյան

Քննարկվում է ակցիզային հարկի հնարավոր ավելացումը. Ատոմ Ջանջուղազյան

Հարկային համակարգի առաջարկվող փոփոխությունների կարևոր բաղադրիչներ են ներդրումային գրավչության բարձրացումը, հասարակության եկամուտների արդյունավետ բաշխումը և հարկաբյուջետային կայունության ամրապնդումը: Այս մասին նոյեմբերի 02-ին 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

«Հարկային օրենսգիրքը կազմելիս նպատակ է դրվել ունենալ կայուն և կանխատեսելի հարկային համակարգ, որը ներդրումների տեսակետից գրավիչ կդարձնի Հայաստանում բիզնեսով զբաղվելը: Մենք փորձել էինք ախտորոշել խնդիրները և հասկանալ, թե ինչ լրացուցիչ փոփոխությունների կարիք կա: Փորձ ենք արել գնահատել, թե ինչպիսին է պատկերը ներդրումների և արտահանման տեսակետից հարկային համակարգի փոխազդեցությամբ պայմանավորված: Պետք է մտածենք, որ հարկային համակարգը գոնե հակախթան չհադիսանա արտահանելի ճյուղում նոր ներդրումների համար: Ընդ որում, ներդրումների մակարդակը ոչ արտահանելի ճյուղերում ավելի բարձր է, ինչը տրամաբանական է, քանի որ փողը գնում է այնտեղ, որտեղից կարող է մեծ արդյունք բերել»,-ասաց Ջանջուղազյանը:

Նրա կարծիքով՝ հարկային համակարգի մեկ այլ առանձնահատկությունը եկամտային անհավասարությունն է: Ջանջուղազյանը նկատեց, որ չափազանց քիչ է այն բնակչության թիվը, որն ունի մեծ հարստություն, մեծ է այն խումբը, որն ունի ցածր եկամուտ:

«Սա նշանակում է, որ բաշխման տեսակետից անելիքներ ունենք: Իսկ հարկային համակարգն այն համակարգերից է, որի գործառույթը դրա ապահովումն է: Այդ ախտորոշումը կանխորոշում է այն նպատակադրումները, որոնք դրել են հարկային համակարգի փոփոխությունների առաջ»,-նշեց նա: Ջանջուղազյանը կարևորեց նաև հարկաբյուջետային կայունության ամրապնդումը:

«Կա ընկալում, որ ԱԱՀ-ի դրույքաչափը համարժեք է մեր տնտեսության կարիքին, այսինքն՝ ավելացումն իր մեջ կպարունակի ռիսկեր։ Հետևաբար, քննարկվում է ակցիզային հարկի հնարավոր ավելացումը»:

Նախարարի պաշտոնակատրի խոսքով՝ պետք է հարկ վճարողի ընկալումն ու վերաբերմունքը փոխել, ըստ նրա՝ հարկ վճարողի կողմից պետությունը պետք է ընկալվի՝ որպես տվյալ տնտեսության բաժնետեր.

«Տվյալ տնտեսությունը հնարավոր է լինում կազմակերպել նաև պետության գործադրված ջանքերի շնորհիվ։ Այսինքն՝ նույն հասարակական կարգի պահպանություն, անվտանգություն, ներառյալ՝ կենսաթոշակային ծախսեր, առողջապահություն, այս բոլորը այն միջավայրն են ձևավորում, որտեղ հարկատուն իրականացնում է իր գործունեությունը»։

Նախարարի պաշտոնակատարի նպատակադրումը, որ ունենանք արտահանման աճ և դրա հաշվին տնտեսական աճ, արդեն ռիսկային է հարկային համակարգի տեսակետից: «Որքան էլ տարօրինակ , շահութաբերությունն ավելի բարձր է ոչ թե արտահանելի ճյուղերում, այլ ոչ արտահանելի ճյուղերում, խզումը մոտ 8 տոկոս է: Պետք է մտածենք, որ հարկային համակարգը գոնե հակախթան չհադիսանա արտահանելի ճյուղում նոր ներդրումների համար: Ընդ որում, ներդրումների մակարդակը ոչ արտահանելի ճյուղերում ավելի բարձր է, ինչը տրամաբանական է, քանի որ փողը գնում է այնտեղ, որտեղից կարող է մեծ արդյունք բերել:»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Ջանջուղազյանը նշեց, որ 2019 թվականին կանխատեսվում է, որ կհավաքվի 1 տրլն 399 մլրդ դրամի հարկային եկամուտ, նաև կանխատեսվում է, որ 442 մլրդ դրամ կառաջանա, բայց չի հավաքվի, որովհետև ունենք տարբեր տեղերում հարկային արտոնությունների համակարգեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ