Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված բոլոր որոշումները կայացվելու են իրավական կարգավորումների պահանջից ելնելով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը: Նրա խոսքով` ծրագրի հետ կապված պետք է լինի համոզվածություն, որ իրավական եզրակացությունները կատարվել են օրենքին համապատասխան։
«Երբ նման գործընթացները ժամանակի մեջ դանդաղում են, դա առաջացնում է սպասող կողմի որոշակի դժգոհություն: Կառույցները, որոնք որ իրավասու են այդ ընթացքը սպասարկելու համար, պետք է անեն առավելագույնը իրենց արդար եզրակացություններն արագ կայացնելու հարցում»,- ընդգծեց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ «Լիդիան Արմենիա» ընկերության դեպքում հարցը վերաբերվում է բնապահպանական խնդիրներին, և համապատասխան կառույցներն այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում:
«Մենք հասկանում ենք, որ դա մեծության և օտարերկրյա ներդրումների ծավալով ամենամեծ ներդրումներից է ոչ միայն Հայաստանի համար, այլև միջազգային ներդրումային հանրության ուշադրության կենտրոնում է, և համոզված ենք, որ առաջիկայում կայացված որոշումները լինելու են այնպիսին, որ որևէ երկիմաստության տեղիք չտան:
Եթե կան բացեր, այդ թվում՝ բնապահպանական, և դրանք կարգավորելի են, ապա կլինեն խորհուրդներ, թե ինչպես պետք է կազմակերպություններ բացել, որպեսզի կարողանան քայլել առաջ: Եթե չկան նման բացեր, ապա կազմակերպությունը, վերահաստատվելով և ավելի վստահ լինելով, որ իր ունեցած եզրակացություններն առ այսօր համապատասխանում են օրենքի պահանջին, կշարունակի իր նախատեսած գործունեությունը»,- հավելեց Տիգրան Խաչատրյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը