17 10 2018

Հայտնաբերվել է ապօրինի ջրօգտագործման 100-ից ավել դեպք

Հայտնաբերվել է ապօրինի ջրօգտագործման 100-ից ավել դեպք

Ավարտվեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով սույն թվականի հոկտեմբերի 1-ին մեկնարկած մոնիթորինգի առաջին փուլը, որն իրականցվում էր Երեւան քաղաքի վարչական տարածքում:

ՀԾԿՀ-ից հայտնում են, որ հայտնաբերվել են ապօրինի ջրօգտագործման հարյուրից ավել դեպքեր, ճշտվել խմելու ջրի նախնական չհաշվառված ծավալներ: Հանձնաժողովում այժմ վերլուծվում և ամփոփվում են առաջին փուլի արդյունքները: 

Հոկտեմբերի 15-ից մեկնարկել է մոնիթորինգի երկրորդ փուլը, որը կիրականացվի մինչև  հոկտեմբերի 19-ը: Երկրորդ փուլի աշխատանքներն իրականացվում են հանրապետության մարզերում, որին, բացի հանձնաժողովի աշխատակազմից, ինչպես նախկինում, այժմ էլ, մասնակցում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի լիազորված անձինք, սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ:

Հոկտեմբերի 16-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում մոնիթորինգի մասնակիցներին սեփականատիրոջ կողմից արգելվել է մուտք գործել Էջմիածին քաղաքը սնող ջրատարի վրա կառուցված  «Հայասի» կոնյակի, գինու, հյութերի գործարան: Մոնիթորինգ իրականացնող խումբն, արդեն իրավապահների օգնությամբ,  նշյալ տարածքում կիրականացնի դիտարկում: 

Մարզերում, մինչեւ հոկտեմբերի 19-ը,  շարունակվելու է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների վերանայման գործընթացի շրջանակներում իրականացվող մոնիթորինգը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ