Կառավարությունը այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կկայացնի պետական բյուջեից գումար տրամադրել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ վճարվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագները մեղմելու համար։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 29.11.2023թ. կայացած նիստում N 413-Ն որոշմամբ հաստատեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման 2024 թվականի սակագները, որի համաձայն՝ սոցիալապես անապահով բաժանորդների համար 2024 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 205.992 դրամ:
Կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի սակագնի ավելացումը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայություններից բաժանորդների համար։
Արդյունքում, 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա:
ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա՝ 2024 թվականի համար յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց՝ գումարային 205.992 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 5.522 դրամի (ԱԱՀ-ով) չափով, ընդ որում՝ ջրամատակարարման ծառայության համար 175.093 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 4.693 դրամի (ԱԱՀ-ով) չափով և ջրահեռացման ծառայության համար՝ 30.899 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 0.829 դրամի (ԱԱՀ-ով) չափով:
2024 թվականի պետական բյուջեով հատկացվել է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա 2023 թվականի դեկտեմբերի 1-ից (2023թ. դեկտեմբեր ամսվա համար սուբսիդիան կտրամադրվի 16.03.2023թ. N 324-Ա որոշմանը համապատասխան) մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների դիմաց։
Նշենք, որ հարցը կառավարության նիստում չի զեկուցվի, կառավարությունը որոշումը կկայացնի առանց քննարկելու։
Ստացվում է՝ կառավարությունը հարկատուների փողեր տրամադրում է «Վեոլիա Ջուր» ընկերությանը, որ ջրի համար, իբրև, բարձր չվճարեն։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ ջուրը թանկացել է սպառողների համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը