Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հերթական անգամ մտահոգություն է հայտնել Ամուլսարի ծրագրի շուրջ ծավալվող իրադարձություններով:
EVN Report-ին տված հարցազրույցում, ինչպես հայտնում է Մեդիամաքս գործակալությունը Ռիչարդ Միլսն ասել է, որ չկա ոչ մի ապացույց Լիդիան ընկերության կողմից կոռուպցիայի դրսևորման վերաբերյալ:
«Ծրագրի ֆինանասավորումը ապահովել են բաժնետերերը և ինստիտուցիոնալ ներդրողները: Նրանք ունեն իրենց բնապահպանական պահանջները, որոնք պարտադիր են հանքարդյունաբերական նման ծրագրերի մեջ ներգրավվելուց առաջ», - նկատել է Միլսը:
ԱՄՆ դեպսանն ասել է, որ մտահոգությունների տեղիք է տալիս այն հանգամանքը, որ ծրագիրը նույնիսկ չէր սկսել հանքարդյունահանումը:
«Ծրագիրը դեռ շինարարության փուլում է, և ստացվում է, որ հանքավայրը փակվել է առանց բնապահպանական որևէ իրական վտանգի առկայության», - նշել է դիվանագետը:
«Կարելի էր ևս մեկ բնապահպանական հետազոտություն անցկացնել, եթե ընկերությունը և կառավարությունը նման որոշում կայացնեին, և միաժամանակ շարունակել շինարարությունը», - ասել է Միլսը:
Դեսպանն ավելացրել է, որ Հայաստանում կա 27 մետաղական հանք, և դրանցից ոչ մեկի աշխատանքը չի կանգնեցվել:
«Նույնիսկ եթե ընդունեմ, որ խնդիրը բնապահպանական մտահոգություններն են, միամտություն է մտածել, որ կարելի է այսպես վարվել և դա հետևանքներ չի ունենա միջազգային ներդրողների համար Հայաստանի գրավչության տեսակետից», - ասել է Ռիչարդ Միլսը:
Նրա խոսքով, Ամուլսարը բնապահպանության տեսանկյունից լավագույն չափանիշներով աշխատող ծրագիր է, որն արդեն «բավական շատ քայլեր է արել» և որևէ կոռուպցիոն գործարքի մեջ ներգրավված լինելու ապացույց չկա, մինչդեռ աշխատանքները դադարեցվել են «առանց կառավարության կողմից իրավական որոշման»:
«Չեմ կարծում, որ սա այդ դեպքն է, որ արդարացնում է հարյուրավոր մարդկանց աշխատանքի կորուստը և այս ներդրման չեղարկումը», - շեշտել է դեսպանը:
«Սա իսկապես առաջացնում է ներդրումային խնդիր և սա սպառնալիք չէ, սա մի բան է, որ ես ուրախ չեմ ասել: Բայց ես նախ և առաջ պատասխանատու եմ ԱՄՆ-ի և ԱՄՆ քաղաքացիների և ներդրողների առաջ և եթե նրանք ինձ հարցնեն, ես նրանց ասելու եմ, որ դուք պետք է տեղյակ լինեք, որ Լիդիանի հետ նման բան է տեղի ունեցել, և պետք է ինքներդ եզրակացություններ անեք: Եվ ինձ մտահոգում են այն եզրակացությունները, որոնց նրանք կհանգեն», - ասել է Միլսը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը