15 09 2018

Վրաստանը 15 օրով հետաձգել է հացահատիկը բեռնատարներով փոխադրելու արգելքը․ Tert.am

Վրաստանը 15 օրով հետաձգել է հացահատիկը բեռնատարներով փոխադրելու արգելքը․ Tert.am

Հայաս­տանից հարյուրավոր բեռնատար ավտոմեքենաներ կարճ ժամանակով սեպտեմբերի 15-ին արգելափակել են  Բագրատաշեն-Սադախլո մաքսային անցակետը՝ իրենց բողոքը հայտնելով Վրաստանի կառավարության որոշման դեմ, որով արգելվում է Վրաստանի տարածքով հացահատիկի փոխադրումն ավտոմոբիլային ճանապարհներով (թույլատրվում է միայն երկաթուղով)։  Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը: 

«Բողոքի ակցիան տևել է 2-3 ժամ, և մաքսային անցակետում էլ առանց խոչընդոտման թույլ են տվել իրականացնել իրենց բողոքի ակցիան, որովհետև նպատակը ոչ թե այն է եղել, որպեսզի խոչընդոտեն մաքսատան աշխատանքը, այլ ուղղակի ցույց տան, որ հայկական կողմն էլ միանում է Վրաստանի այդ որոշման դեմ իրականացվող ակցիաներին,-ասաց նա՝ ավելացնելով, որ անցակետն այս պահին բաց է:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը տեղեկացրեց, որ Վրաստանի իշխանությունները վերոնշյալ որոշումը հետաձգել են 15 օրով`մինչև հոկտեմբերի 1-ը։ Նրա խոսքով՝ նախարարությունը վրացի գործընկերների հետ շարունակում է բանակցությունները, որպեսզի երկաթուղային և լաստանավային փոխադրումների գնագոյացման արդյունքում Հայաստանի փոխադրողները վնասներ չկրեն:

Նշենք, որ հացահատիկ ներկրողները պնդում են, որ եթե Վրաստանում ուժի մեջ մտնի վերգետնյա տրանսպորտով հացահատիկի ներկրումն արգելող որոշումը, ապա Հայաստանում ալյուրի գինը միանշանակ կթանկանա մեկ կիլոգրամը շուրջ 50 դրամով։ «Մեկ կիլոգրամ ալյուրը 50 դրամով կթանկանա, եթե ծովային տրանսպորտով բեռնափոխադրումներ կատարվեն և երկաթգծով աստղային գներով գա Հանրապետություն»,- Tert.am-ի հետ զրույցում ասել էր «Մանանա Գրեյն» ՍՊԸ տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք Tert.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ