10 09 2018

Ահագնացող տնտեսական փակուղում ունեք ելքի միայն մեկ տարբերակ. տնտեսագետ

Ահագնացող տնտեսական փակուղում ունեք ելքի միայն մեկ տարբերակ. տնտեսագետ

Այս ահագնացող տնտեսական փակուղուց ունեք ելքի միայն մեկ տարբերակ. որոշ ժամանակ անց չեք ունենալու նաև այդ տարբերակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայտնի տնտեսագետ Կարեն Ադոնցը՝ ներկայացնելով հեռանկարները:

«Պարոնայք, դուք այս ահագնացող տնտեսական փակուղուց ունեք ելքի միայն մեկ տարբերակ (որոշ ժամանակ անց, չեք ունենալու նաև այդ տարբերակը): Չեմ պատրաստվում խոսել վիճակի ու անելիքների մասին։ Ուղղակի, մի քանի շեշտադրումներով կփորձեմ նկարագրել հեռանկարը։

Քաղաքական

«Սպիտակներին» ուզում եմ ասել հետևյալը՝ հանգիստ եղեք, «սևերը» չեն փորձելու իշխանություն վերցնել, նրանք զարգացման ռեսուրս չունեն, եթե ռեսուրս ունենային ձեզ իշխանություն չէին տա։ «Սևերին» պետք է ամուր ընդիմադիր դիրքեր, որ ապահովեն իրենց կապիտալի անվտանգությունը։ «Սևերի» միակ հույսը դուք եք։ Նրանք կարծում են, թե օգտագործելով «թավշյա հեղափոխության» գործոնը, կարող եք փող բերել արևմուտքից ու սփյուռքից։ Նրանք այդպես են հասկանում տնտեսական զարգացումը։ Բայց դուք, ձեր տնտեսական անբովանդակ պատկերացումներով, մսխելու եք արագ ու ներդաշնակ զարգացման «պատմական» եզակի հնարավորությունը։

Տնտեսական

Թե ինչպես ենք մենք վերաբերվել ու վերաբերվում տնտեսական զարգացման խնդրին, արդեն զավեշտի է նմանվում։ 25 տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությունը ձևավորվել է երկու գործոններով՝ գոյություն ունեցող ներքին ու արտաքին պատրաստի շուկաների հենքի վրա և Խորհրդային ձեռնարկությունների, տարածքների ու ենթակառուցվածքների էժան մասնավորեցման հաշվին։ Զարգացման այդ հնարավորություններն արդեն սպառված են։ Արտաքին պարտքը մեծ է, սակայն առանց նոր պարտքերի, նույնիսկ մեր փոքր տնտեսության պարագայում, դժվար է երկար պահպանել պահանջարկային հավասարակշռվածությունը։ Մեր ձեռնարկատերերից շատերը «ջերմոցային պայմաններում աճեցված» բիզնեսմեններ են՝ հաշվի առեք սա։

Տնտեսության ներկայիս աճը պայմանավորված է տուրիզմի որոշ ավելացմամբ և ոչ էական այլ մուտքերով, ինչպես նաև՝ ապաստվերացումից գոյացած արհեստական աճով՝ զարգացում, ըստ էության, չկա ու չի կարող լինել։

Կա արագ զարգացման երկու տարբերակ՝ կամ ազգովի շալակում ենք տնտեսությունը ու սկսում ենք վազել, կամ ճիշտ համակարգ ենք ձևավորում, նստում տնտեսական մեքենան ու միացնում շարժիչը։

Ռուբլու ու ռուսական շուկայի թուլացումը, այլ շուկաների յուրացման գրեթե բացակայության պայմաններում՝ վատ ազդակներ են։ Եթե երեք գործոններ՝ ռուբլու թուլացում, տրանսֆերտների պակաս ու տուրիզմի հոսքի նվազեցում, հատվեն մեկ կետում, մենք կհայտնվենք ծանր ճգնաժամի մեջ։ ՏՏ ոլորտի աճի տեմպը չի կարող չեզոքացնել նման անկումը։ Այսօր արդեն, նաև համաշխարհային տնտեսության մեջ, նկատվում են տնտեսության տեմպերի հետագա անկման սպասումներ։

Բանկերում խնայողությունների ավելացումը՝ վատ ցուցանիշ է, որը խոսում է ներքին ներդրողների պասիվության մասին։ Սակայն, սա նաև դրական կողմ ունի՝ կան խնայողություններ, որոնք ճիշտ քաղաքականության դեպքում, շարժիչ ուժ կարող են հանդիսանալ։ Օտարերկրյա մեծածավալ ներդրումների մասին մոռացեք՝ չի լինելու նման բան։

Նայեք ստորև բերված՝ ըստ գործոնների, մեր տնտեսության մրցակցային դիրքի վիճակին, որը ներդրումային քաղաքականության հենքն է։ Տնտեսության հատվածական աճերը, զարգացում չեն։ Զարգացման մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ նշված գործոնները կշտկվեն մեկ ամբողջական ծրագրի ներքո։ Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում, զարգացման քաղաքականությունը կարող է լինել՝ միայն համակարգված, ոչ ստանդարտ, արագ ու բացառիկ ճշտությամբ իրագործելի։

Մի բան էլ ասեմ եկամտահարկի քննարկվող թեմայի շուրջ։ Այս հարցը չի կարելի դնել հանրային քննարկման։ Սա պետք է դիտարկվի ընդհանուր տնտեսական քաղաքականության կոնտեքստում։ Ի դեպ, այս հարցը առնչվում է աշխատուժի ծախսատարությանը, որը դեռ տակավին՝ մնում է գլխավոր մրցակցային գործոններից մեկը։

Մեր տնտեսության մրցակցային դիրքը՝ ըստ գործոնների

(-)- անբարենպաստ, (+)-բարենպաստ

1) Վարկային պայմանները՝ (-),(-),

2) Բեռնափոխադրումների ծախսատարությունը՝ (-),(-),

3) Ներքին շուկայի մեծությունը՝ (-),(-),

4) Ներքին շուկայի ճյուղային ու տեխնոլոգիական բազմազանությունը՝ (-),(-),

5) Հումքի ներքին աղբյուրները (սննդի վերամշակում)՝ (+),

6) Հումքի ներքին աղբյուրները (ոչ գյուղատնտեսական)՝ (-),(-),

7) Արտաքին շուկաներում ներգրավվածությունը ՝ (-),(-),

8) Արտաքին շուկաներում ճանաչելիությունը ՝ (-),(-),

9) Հումքի ներմուծման մաքսային բեռը՝ (-),(-),

10) Սարքավորումների ներմուծման մաքսային բեռը՝ (-),(-),

11) Աշխատուժի ծախսատարությունը՝ (+),

12) Որակյալ աշխատուժի առկայությունը՝ (-),

13) Արտադրական համապատասխան տարածքների առկայությունը՝ (-)»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ