29 08 2018

Հացահատիկը կարող է նորից թանկանալ. Էդմոն Մարուքյան

Հացահատիկը կարող է նորից թանկանալ. Էդմոն Մարուքյան

Հացահատիկը տոննայի մեջ կթանկանա 50 դոլարով, քանի որ Վրաստանում սեպտեմբերի 15-ից կարգելվի վերգետնյա տրանսպորտով ցորենի, հացահատիկի ներմուծում: Այս մասին օգոստոսի 29-ին ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Տոննայի մեջ 50 դոլար կթանկանա, եթե միայն Փոթիով գա հացահատիկը: Այնտեղ մոնոպոլ գործունեության հարց էլ կա: Հայաստան-Վրաստան բարեկամական խումբը պետք է զբաղվի այս հարցով: Եթե սեպտեմբերի 15-ին այս որոշումն ուժի մեջ մտնի, մենք լուրջ խնդիրներ կունենանք: Առանց այն էլ հացը թանկացել է Ռուսաստանում հացահատիկի թանկացման հիմքով, հիմա էլ կարող է թանկանալ արդեն Վրաստանից վերգետնա տրանսպորտով հացահատիկի ներմուծումն արգելելու հիմքով»,- ասաց Մարուքյանը:

Պատգամավորը կոչ արեց կապվել վրացի պատգամավորների հետ և փորձել հարցը կարգավորել նաև խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում:

Հարցին անդրադարձավ նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով նշեց, որ  Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավարն ինքն է, որի խմբում ընդգրկված է նաև Էդմոն Մարուքյանը: Նա ասաց, որ իրենք մինչև սեպտեմբերի 15–ը պաշտոնական այց կունենան Վրաստանի Հանրապետություն: «Ես կապի մեջ եմ մեր վրացի գործընկերների հետ, կարծում եմ՝ խորհրդարանն իր անելիքները կանի, բայց առաջին հերթին գործ ունեն անելու մեր հարգարժան կառավարության ներկայացուցիչները»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ