Հայաստանն այժմ չի կարող հավակնել ամերիկյան Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի դրամաշնորհների, քանի որ Համաշխարհային բանկի 2018 թվականի հուլիսի 1-ի զեկույցի համաձայն Հայաստանը դարձել է «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տեղեկացրել են Կորպորացիայում, ավելացնելով, որ Հազարամյակի մարտահրավերները կարող է աջակցություն տրամադրել մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամտի միայն «ցածր» և «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրներին:
Հիշեցնենք, ԱՄՆ-ի Հազարամյակի մարտահրավերնետ կորպորացիան մինչև 2008 թվականը Հայաստանում տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող ծրագրեր է իրականացրել, սեփական միջոցներով Հայաստանի գյուղական շրջաններում կառուցելով ճանապարհներ և ջրհորներ։ Կորպորացիան որոշել էր դադարեցնել Հայաստանին տրամադրվող օգնությունը 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո: Սերժ Սարգսյանի նախագահության բոլոր տասը տարիներին փորձեր էին արվում վերսկսել Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի օգնության ծրագրերը Հայաստանում, սակայն, այդ տարիներին Հայաստանը չէր համապատասխանում Կորպորացիայի պահանջներին՝ բարձր կոռուպցիայի և ժողովրդավարության անբավարար վիճակի պատճառով:
«Թավշյա հեղափոխությունից» հետո ԱՄՆ-ի Կոնգրեսի և Ամերիկայի հայ համայնքի մի շարք անդամներ դիմել էին Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիային՝ կոչ անելով վերականգնել Հայաստանին տրամադրվող օգնությունը: Կորպորացիայի կանոնադրության համաձայն, ֆինանսական օգնություն կարող են ստանալ միայն Համաշխարհային բանկի չափանիշներով մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամտի «ցածր» կամ «ցածր-միջին» ցուցակում գտնվող երկրները: Մեկ շնչի հաշվով $995-ից քիչ համախառն ազգային եկամուտ ունեցող երկրները գտնվում են «ցածր» եկամուտ ունեցողների ցուցակում: Մեկ շնչի հաշվով $996-$3,895 համախառն ազգային եկամուտ ունեցող երկրները գտնվում են «ցածր-միջին» եկամուտ ունեցողների ցուցակում։
Համաշխարհային բանկի զեկույցների համաձայն, Հայաստանը նախկինում գտնվում էր «ցածր-միջին» եկամուտ ունեցողների ցուցակում, սակայն 2018-ի հուլիսի 1-ին Համաշխարհային բանկը տեղափոխեց Հայաստանը «բարձր-միջին» երկրների ցուցակ, որտեղ մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամուտը $3,895-ից ավելի է։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ամերիկայի ձայն»-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը