16 07 2018

ՊԵԿ-ը խոստացած անունները չտվեց

ՊԵԿ-ը խոստացած անունները չտվեց

Օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ ի թիվս շատ հարցերի ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը անդրադարձավ նաև գազալցակայաններում արձանագրված խախտումներին: Մասնավորապես նա նշեց, որ վերջերս ստուգված 8 գազալցակայաններում մոտ 946 մլն դրամի խախտում է հայտնաբերվել։

Անանյանը թեև համապատասխան փասատաթղթեր չէր բերել, բայց չխուսափեց անուններ հրապարակել, ինչպես ինքը նշեց՝ հիշողությամբ ու կոնկրետ անուններով: Ըստ ՊԵԿ նախագահի՝ խախտումների ցանկի մեջ էին Մհեր Սեդրակյանին, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանները: Միևնույն ժամանակ Դավիթ Անանյանը նշեց, որ առաջիկայում ՊԵԿ լրատվական ծառայությունը հանդես կգա լրացուցիչ ինֆորմացիայով:

Եվ ահա հուլիսի 16-ին տարածված մամլո հաղորդագրության մեջ նշվում է.

«Ինչպես ՊԵԿ-ի կողմից արդեն հաղորդվել է մամուլում «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում, ինչպեսնաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որայդընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 14,9 միլիոն, 168,4 միլիոն, 79,4 միլիոն , 53 միլիոն, 25,7 միլիոն, 349,5 միլիոն և 58,7 միլիոն ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով վերոհիշյալը նկերությունների սեփականատերերին` հայտնել է, որ ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը կանդրադառնա վերջիններիս պատկանելության խնդրին:

Կցանկանայինք նշել, որ հասարակության մեջ այս կամ այն հայտնի անձնավորության հետ կապվող ընկերությունները շատ հաճախ փաստաթղթերով պատկանում են այլ ֆիզակական անձանց, ինչի վերաբերյալ պետական հաշվառումն ու գրանցումն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետականռեգիստրի գործակալությունը: Վերոնշյալ ընկերությունների փաստացի սեփականատերերի մասին տեղեկատվությունը կարող է հաստատվել քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա, հետևաբար, նման տեղեկատվությունը, առկայության պարագայում, կտրամադրվի քրեական գործի քննության համապատասխան փուլում»:

ՊԵԿ նախագահի՝ նախկինում ասածը սույն հայտարարությամբ ոչ հերքվում է, ոչ հաստատվում: Անունները հրապարակվել են, քրեական գործի շարունակությունը ցույց կտա. կհաստատվի, թե ոչ՝ առաջիկայում հավանաբար կպարզվի: 

Բայց արդյո՞ք ճիշտ չէր լինի սահմանափակվել միայն օրինախախտ գազալցակայանների անունները տալով, հատկապես, որ, ինչպես հաղորդագրոթյան մեջ է նշվում, այս կամ այն հայտնի անձնավորության հետ կապվող ընկերությունները հասարակությունը լավ գիտի: Կամ էլ կարող ենք սա դիտարկել օրինախախտումների բացահայտումներին արդեն բնորոշ դարձած շտապողականությամբ, երբ նախօրոք հայտարարվում է, հետո հիմնավորումներ փնտրվում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ