Երևան-Սևան ավտոճանապարհին գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ ՆԳՆ փրկարար ծառայությունը թարմացված տեղեկատվություն է հրապարակել։
Հունիսի 8-ին, ժամը 21։34-ին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, բռնկված հրդեհը մարվել է։
ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ տեղում իրականացնում է հերթապահություն։
Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Սևան մայրուղու 6/1 հասցեում գտնվող «Գազօիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում տեղի է ունեցել հեղուկ գազի ցիստեռնի (37 տ) պայթյուն՝ հրդեհի բռնկումով:
Գազալցակայանի տարածքում տեղի է ունեցել 3 հեղուկ գազի (յուրաքանչյուրը՝ 37 տ), 1 դիզելի (8 տ) և 1 բենզինի (12 տ) ցիստեռներից արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Այրվել են «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներն ամբողջությամբ, կցորդիչով բեռնատարի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ, «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի ցիստեռնը, մեկ այլ գազի ավտոցիստեռնի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ, ջերմահարվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան հատվածը:
Այրվել են լցակայանի տանիքի կառուցատարրերը (մոտ 120 քառ/մ), պատուհաններն ու դռները, վնասվել են մոտակայքում գտնվող սառնարանները, այրվել է վարչական շենքի տանիքը (մոտ 150 քառ/մ), վնասվել է գույքը, հարակից շինանյութի պահեստի հետնամասում գտնվող տարածքում այրվել են մոտ 40 քառ/մ կուտակված թափոններ։
Պայթյունի և հրդեհի հետևանքով տուժել է 7 քաղաքացի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը