Կառավարությունը հրավիրել է արտահերթ նիստ, որի օրակարգային երկու հարցերից մեկը «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցն է:
Համաձայն նախագծի, հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը:
Գործադիրը որոշումը հիմնավորում է այսպես. «Համակարգի ամբողջական ներդրումը կարևոր է՝ հաշվի առնելով հետևյալ փաստերը՝
Պարտադիր կուտակային համակարգի շահառուների գերակշիռ մասն արդեն իսկ ներառված է համակարգում և շահառուների միայն փոքր մասն է, որի ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո:
Այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ:
Կուտակային ֆոնդերի կառավարումն իրականացնում են այնպիսի ընկերություններ, որոնց հիմնադիրները աշխարհում հսկայական հեղինակություն վայելող և ահռելի, նույնիսկ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն տասնյակ անգամներ գերազանցող կապիտալներ կառավարող ընկերություններ և Հայաստանում նրանց հետագա ճակատագիրը միջազգայնորեն ճանաչված գնահատական է լինելու Հայաստանում ներդրումներ անելու հուսալիության աստիճանին: Մասնավորապես, Ֆրանսիական Ամունդին աշխարհում կառավարման ներքո ունի ավելի քան 1.5 տրլն եվրո (1-ինը Եվրոպայում, 10-րդը աշխարհում), ունի 37 երկրում գրասենյակներ և ավելի քան 100 մլն հաճախորդ ամբողջ աշխարհում(որից շուրջ 3000 ինստիտուցիոնալ ներդրողներ են): Ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերությունը և գերմանական «Տալանքս Ասեթ Մենեջմենթ»-ը ամբողջ աշխարհում կառավարման ներքո ունեն ավելի քան 150 մլրդ ԱՄՆ դոլար: Տալանքսը գերմանական 3-րդ խոշորագույն ապահովագրական ընկերությունն է, դասվում է 10 խոշորագույն եվրոպական ապահովագրական ընկերությունների շարքին, գործում է աշխարհի ավելի 150 երկրներում, ունի A+ վարկանիշ Standard and Poor’s-ի կողմից տրված։
Այս պրոցեսն անցել է անդառնալիության կետը, և տվյալ խնդրի շուրջ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնելայն ռիսկերը, որոնք կարճաժամկետ և երկարաժամկետ առումով կարող են աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար, ինչպես նաև այն դրական արդյունքը, որը կարող ենք ունենալ համակարգի ամբողջական ներդրմամբ:
Համակարգի ներդրման հետ միաժամանակ, կառավարությունը շարունակելու է քննարկումը հասարակության լայն շերտերի հետ նրանց մտահոգություններին արձագանքելու և համակարգը երկարաժամկետ հեռանկարում ավելի ճկուն և ներառական դարձնելու ուղղությամբ։
Կառավարությունն այս թեմայով կաշխատի մաքսիմալ անկեղծ և թափանցիկ, և կկայացնիայնպիսի որոշումներ, որոնք հաշվի կառնեն ինչպես խնդրի ռազմավարական խորքը, այնպես էլ ՀՀ քաղաքացիների երկարաժամկետ ու կարճաժամկետ շահերը:
Համակարգի ներդրման հետ կապված հասարակության հիմնական մտահոգությունը դրանով պայմանավորված լրացուցիչ ֆինանսական բեռն է։ Դրա մեղման համար պետությունը իր վրա է վերցնում կուտակային համակարգին միացած և այդ դրան միացող անձանց համար դրա ամբողջական ներդրման փուլում առաջացող բեռի զգալի մասը՝ համակարգի սահուն ներդրումը ապահովելու համար։ Միևնույն ժամանակ, կառավարությունը հանձնառություն է ստանձնում իրականացնելու եկամտային հարկի բարեփոխումներ, որն ուղղված կլինի քաղաքացիների՝ սոցիալական վճարների բեռի զգալի նվազեցմանը։ Ընդ որում, անձանց կողմից որոշակի չափով սոցիալական վճար կատարելը դրական կանդրադառնա համակարգի արդյունավետության վրա, քանի որ քաղաքացիները հետաքրքրված և պահանջատեր կլինեն համակարգի գործունեության նկատմամբ»։
Հիշեցնենք, որ կառավարող ներկա թիմը նախկինում պարտադիր կուտակային համակարգի ակտիվ քննադատն էր, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նախկինում դեմ կարծիքն էր հիմնավորում Սահմանադրական Դատարանում:
Ի դեպ, Մանե Թանդիլյանը վերջերս հայտարարել էր պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու առաջարկի մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը