Մենք փող ունենք, պարզապես մեր փողն այն տեղում չէ, որտեղ պետք է լինի: Այս մասին մայիսի 24-ին՝ կառավարության նիստի ավարտին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի մտահոգությանը, և հավաստիացրեց որ պարոն Ջանջուղազյանը կարող է այդ առումով հանգիստ քնել:
Փաշինյանի խոսքով, պետք է հաշվի առնվի այն, որ ՊԵԿ-ի առաջ խնդիր է դրվել բյուջեի մուտքային մասն էականորեն ավելացնել, և այստեղ երկրորդ տարբերակ չկա:
Բավականին հուսադրող հայտարարություն. բայց անհանգստության արժանացավ արդեն հարցի լուծման մեթոդական տեսլականը:
«Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն կա, և մեր համապատասխան մարմինները պետք է աշխատեն և այս ստվերային տնտեսությունը դուրս բերեն լուսավոր տարածք: Այսինքն՝ մենք չպիտի մտածենք՝ վայ, փող չունենք, եկեք, ոչ մի բան չանենք: Մենք փող ունենք, պարզապես մեր փողն այն տեղում չէ, որտեղ պիտի լինի: Հիմա ՊԵԿ-ը, ԱԱԾ-ն, դատախազությունը, ոստիկանությունը, ՀՔԾ-ն պետք է ապահովեն այդ ընթացքը: Եթե չանեն, մենք կանենք համապատասխան եզրակացություններ», - բառացի ասաց վարչապետ Փաշինյանը:
Այսինքն ստացվում է, որ բյուջեի կատարողականն ապահվելու մեթոդը ուժային կառույցներն են՝ ԱԱԾ-ն, դատախազությունը, ոստիկանությունը, քնչական մարմինները, որոնք պետք է զբաղվեն բիզնեսին թափ տալու ճանապարհով ստվերի հայտնաբերմամբ:
Միանգամից կարող ենք արձանագրել, որ նման գործելաոճի մենք ականատեսն ենք եղել անցյալում՝ 90-ականներին, որը բերեց շուտափույթ՝ նույնիսկ չեղած տնտեսության փլուզմանը, նոր ստվերի ձևավորմանը՝ ավելի մեծ մասշտաբներով:
Կամ կարող է վարչապետն այլ բան է նկատի ունեցել. միգուցե խոսքն ընդամենը որոշ դեպքերի մասին է, ոչ ամբողջ գործարար հանրության: Ամեն դեպքում, առաջին հայացքից՝ ողջ գործարար դաշտի «շնչին նստելու» այսպիսի հայտարարությունները դժվար թե բերեն նոր ներդրումների հոսքին, տնտեսության աշխուժությանը, որովհետև վտանգավոր ազդակ են տալիս արդեն տեղի գործարարներին:
Հուսով ենք՝ առաջիկայում վարչապետը կհստակեցնի, թե ինչ ի նկատի ուներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը