Հայաստանի կառավարությունը մարտի 29-ի նիստում հավանություն տվեց մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկին:
Գործադիրի 2017-2022թթ. ծրագրով նախատեսվում է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ներդրման շրջանակում մշակել հանքարդյունաբերության ոլորտի իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզ: ԱՃԹՆ-ն ներդրած բոլոր պետություններն առաջնորդվում են ԱՃԹՆ-ի ստանդարտով, և ԱՃԹՆ-ի ստանդարտի համաձայն՝ ԱՃԹՆ-ն իրականացնող երկրներում 2020 թվականից սկսած հանքարդյունահանող ընկերությունները պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին (այդ թվում քաղաքական ազդեցություն ունեցող անձանց): Հայաստանի Հանրապետությունը ուներ ԱՃԹՆ-ի միջազգային խորհրդի որոշմամբ սահմանված միջազգային պարտավոություն, այն է՝ մինչև 2018թ. հունվարի 1-ը հրապարակել ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզը, որն էլ Հայաստանի Հանրապետությունը ԱՃԹՆ-ի բազմաշահառու խումբը (ԲՇԽ) սահմանված ժամկետում հաստատել և ուղարկել է միջազգային քարտուղարություն:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից իրականացվող ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվել է տեխնիկական աջակցություն՝ մասնավորապես, իրական սեփականատերերի բացահայտման օրենսդրական ուսումնասիրության իրականացման և իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզի մշակման հարցերում:
ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի, ՀՀ կառավարության աշխատակազմի ԱՃԹՆ-ի քարտուղարության, լիազոր պետական մարմինների պատասխանատուների և այլ շահագրգիռ անձանց հետ համագործակցելով՝ ներգրավված միջազգային և տեղական խորհրդատուները կազմել են ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման համար անհրաժեշտ միջոցառումների ճանապարհային քարտեզը:
Որոշմամբ, փաստորեն, 2020թ. հունվարի 1-ի դրությամբ կբացահայտվեն ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերը: Այդ նպատակով ճանապարհային քարտեզով նախատեսվում է մի շարք օրենսդրական ակտերի մշակում: Ճանապարհային քարտեզում նշված միջոցառումների մի մասը կիրականացվի Համաշխարհային բանկի դրամաշնորհի շրջանակներում: Արդյունքում կձևավորվի և լայն հանրության ուշադրությանը կներկայացվի իրական սեփականատերերի ռեգիստրը:
Հայաստանի Հանրապետությունում իրական սեփականատերերի բացահայտումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել մի շարք օրենսդրական փոփոխություններ: Համապատասխան օրենսդրության մշակման պատասխանատու մարմինն է ՀՀ արդարադատության նախարարությունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ համատեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը