2018 թվականի մարտի 7-11-ը Բեռլինում տեղի է ունենում «ITB Berlin 2018» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը։ Մասնակցության նպատակով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք:
Ցուցահանդեսին հայկական տաղավարը կներկայացնի թվով 17 զբոսաշրջային ընկերություն: Հայաստանի մասնակցությունը կազմակերպում է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ:
Համաձայն կոմիտեի, ցուցահանդեսի շրջանակներում մարտի 9-ին իրականացվելու է նաև շնորհանդես՝ Գերմանիայի և Հայաստանի զբոսաշրջային օպերատորների և գործակալների, ոլորտի մասնագիտացված լրատվամիջոցների, բլոգերների մասնակցությամբ, որտեղ հերթական անգամ հնարավորություն կընձեռնվի ներկայացնել Հայաստանն իր զբոսաշրջային գրավչություններով և նոր հնարավորություններով։ Շնորհանդեսի շրջանակներում ներկայացվելու են հայկական մշակույթը և ավանդույթները:
Կկազմակերպվի հյուրասիրություն, կներկայացվի հայկական աղանդեր և գինի:
Նույն ցուցահանդեսի շրջանակներում մարտի 7-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը մասնակցել է Մետաքսի ճանապարհի երկրների նախարարական 8-րդ հանդիպմանը: Հանդիպումն ունի «Մետաքսի ճանապարհ»-ի զբոսաշրջություն 2025-ի օրակարգ» խորագիրը և նվիրված է զբոսաշրջության երկարաժամկետ զարգացման հարցերին «Մետաքսի ճանապարհ»-ի պատմական երթուղիներով։
Հանդիպումը բացառիկ հնարավորություն կտա անդամ պետություններին ավելի արդյունավետ մասնակցելու «Մետաքսի ճանապարհ»-ի վրա զբոսաշրջության համատեղ կառավարմանը, քանի որ իր բնական լանդշաֆտներով և մշակութային ժառանգության օբյեկտներով հարուստ տարածաշրջանը դուրս է գալիս առանձին երկրների սահմաններից։
Հանդիպմանը կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ներկայացրել է Գինու զբոսաշրջությունը Մետաքսի ճանապարհին տարածաշրջանային միասնական զբոսաշրջային արդյունքի ձևավորման և խթանման ռազմավարության մշակման և իրականացման՝ Հայաստանի նախաձեռնությունն ու իրականացման ընթացքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը