26 10 2024

Տարեկան 200 մլն դոլար՝ պաշտոնյաների ու մյուս արտոնյալների վարկերը սպասարկելու համար. 168.am

Տարեկան 200 մլն դոլար՝ պաշտոնյաների ու մյուս արտոնյալների վարկերը սպասարկելու համար. 168.am

168.am-ը գրում է․

«Նախկինների» ընդունած օրենքով սեփական խնդիրները լուծելուց հետո իշխանությունը կրճատում է եկամտահարկի վերադարձի չափը

Բյուջեի միջոցների հաշվին իրենց բնակարանային խնդիրները լուծեցին-վերջացրին, որոշեցին փոխել պայմաններն ու կրճատել եկամտային հարկի վերադարձվող գումարի չափերը։ Կառավարության որոշմամբ, հաջորդ տարվա հունվարի 1-ից հիփոթեքի գծով եկամտային հարկի վերադարձի գումարը եռամսյակի համար այլևս չի կարող գերազանցել 750.000 դրամը` ներկայումս սահմանված 1,5 մլն դրամի փոխարեն։

Եթե մինչ այդ վերադարձվում էր ամսական մինչև 500.000 դրամ, այսուհետ կվերադարձվի 250.000 դրամ։

Այլ կերպ՝ կառավարության այս որոշմամբ վերադարձվող գումարի չափը կիսով չափ կկրճատվի։ Բայց դա չի տարածվի իրենց վրա։ Խոսքը բոլոր այն պաշտոնյաների մասին է, որոնք այս ընթացքում հասցրել են հիփոթեքով բնակարան գնել։ Իսկ դրանք հաստատ քիչ չեն։ Այսօրվա իշխանության ներկայացուցիչների, բարձրաստիճան պաշտոնյաների մեջ գրեթե չկան այնպիսիք, որոնք այս ընթացքում չեն հասցրել օգտվել եկամտային հարկի վերադարձի ծրագրից և հետ են ստանում իրենց բարձր աշխատավարձերից բյուջե վճարվող եկամտային հարկի գումարները։

Մեկ մարդու նման գրեթե բոլորը հիփոթեքով բնակարան են գնել և, ըստ էության, ազատված են եկամտային հարկի վճարումից, ի տարբերություն բոլոր նրանց, ովքեր ցածր աշխատավարձերի պատճառով չեն կարողացել հիփոթեքով բնակարան ձեռք բերել ու ստիպված են իրենց ցածր աշխատավարձերից 20 տոկոս վճարել՝ որպես եկամտային հարկ։

Կառավարությունը որոշել է հաջորդ տարվա հունվարի 1-ից փոխել եկամտային հարկի վերադարձի պայմանները, բայց որոշել է, որ դա իրենց վրա չպիտի տարածվի։ Իրենք կշարունակեն պետական բյուջեից հիփոթեքի գծով հետ ստանալ ամսական ընդհուպ 500.000 դրամ։ Նոր պայմանները կտարածվեն բացառապես 2025թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

Այսինքն՝ նրանք, ովքեր 2025թ. հունվարի 1-ից հետո ձեռք կբերեն հիփոթեքով բնակարան, այլևս հնարավորություն չեն ունենա ամսական 250.000 դրամից ավելի եկամտային հարկ հետ ստանալ։ Կապ չունի, թե աշխատավարձի գծով որքան կկազմի նրանց վճարած եկամտային հարկը՝ 300.000, 400.000, թե 500.000 դրամ, հիփոթեքի գծով հետվերադարձը կլինի 250.000 դրամից ոչ ավելի։

Հաջորդ տարվա հունվարի 1-ից, ինչպես հայտնի է, Երևանում ընդհանրապես կդադարեցվի նաև եկամտային հարկի հետվերադարձի ծրագիրը։ Դրանից հետո, հիփոթեքով բնակարան ձեռք բերելու դեպքում եկամտային հարկի հետվերադարձ չի լինելու։ Նախկինները կպահպանեն այդ արտոնությունը, բայց նորերն այլևս չեն օգտվի։ Արտոնությունից մասնակի կկարողանան օգտվել միայն Երևանից դուրս հիփոթեքով բնակարան ձեռք բերողները։  

Այս փոփոխությունները կապված են կարճ ժամանակաշրջանում եկամտային հարկի վերադարձով պետական բյուջեն չափից դուրս ծանրաբեռնելու ու ֆինանսական բեռն ահռելի չափերով ավելացնելու հետ, թեև կառավարությունն այն հիմնավորելու համար անհեթեթ պատճառաբանություններ է բերել։

Ասում է՝ որոշման ընդունումը բխում է կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հար­կա­բյու­ջե­տային քաղաքականության մասով սահմանված քաղաքականության ուղղություն­ներից, որոնց համաձայն, հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինան­սա­կան համակարգի բարձր արդյունավետությունն է:

Դրան հասնելու նպատակով կառա­վա­րու­թյունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումները, որոնք նպաս­տելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը և, միաժամանակ, պետա­կան բյու­ջեով սահմանված հարկային եկամուտների ապահովմանը։ Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ արտա­հան­ման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկա­բյու­ջետային կայունության ամրապնդման համար:

Թե ի՞նչ կապ ունեն կառավարության այս «հիմնավորումները»՝ եկամտային հարկի վերադարձվող գումարների չափերի կրճատման հետ, հասկանալի չէ։

Պարզ է, որ այս ամենի նպատակը մեկն է՝ ինչ-որ չափով թուլացնել բյուջեի հետագա աճող բեռը, հատկապես որ, սկսել են զգացնել տալ բյուջեի եկամուտների ապահովման հետ կապված խնդիրները։ Այդ խնդիրներն առաջիկա տարիներին գնալով սրվելու են, ու հիմա կառավարությունը փորձում է այն մեղմել՝ ամենուրեք հարկային բեռն ավելացնելու միջոցով։

Դրան զուգահեռ էլ՝ սահմանափակում է որոշ պարտադիր ծախսերի բեռը, որոնք, առանց հետևանքների մասին մտածելու, վերջին տարիներին էապես ավելացրել է։

Եկամտային հարկի վերադարձի ծրագրով այնքան են ծանրաբեռնել բյուջեն, որ արդեն հասցրել են տարեկան շուրջ 200 մլն դոլարի։ Այդքան գումար եկամտային հարկի գծով վերադարձնում են այն պետական պաշտոնյաներին ու բարձր եկամուտներն ունեցող քաղաքացիներին, ովքեր հիփոթեքով բնակարան են ձեռք բերել և օգտվում են եկամտային հարկի հետվերադարձի ծրագրից։

Բյուջեի համար գնալով ավելի մեծ խնդիր է դառնում այդ գումարի վերադարձը, չհաշված, որ սոցիալական արդարության տեսանկյունից՝ այս ծրագիրը միշտ էլ հիմնավորված ու արդարացված չի եղել։ Չի եղել, բայց կառավարությունն ու իշխանությունները համառորեն առաջ են տարել։ Այնքան ժամանակ, մինչև բյուջեի հաշվին լուծեցին իրենց բնակարանային խնդիրները, թանկարժեք ու ճոխ բնակարանների տեր դարձան։

Միայն դրանից հետո «գլխի ընկան», որ այն անարդար վերաբերմունք է ցածր աշխատավարձ ստացողների նկատմամբ, որ դրանով ոտնահարում են նրանց իրավունքները։ Մինչ այդ չէին հիշում ցածր եկամուտներ ստացողներին։ Իրենց խնդիրները լուծեցին, նոր հիշեցին։

Բայց արդեն հասցրել էին այնքան բեռ դնել բյուջեի վրա, որ առաջիկա տարիներին պետությունը ստիպված է լինելու տարեկան հարյուրավոր միլիոն դոլարներ վճարել՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերածների եկամտային հարկերը վերադարձնելու համար։ Ոչինչ, որ այդ ընթացքում ցածր աշխատավարձ ստացողները նրանց նկատմամբ կգտնվեն անհամեմատ ծանր հարկային բեռի տակ՝ վճարելով ու հետ չստանալով եկամտային հարկը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ