Ռուս-ուկրաինական հակամարտությամբ և արտաքին գործոններով պայմանավորված՝ նախորդ երկու տարիներին մեր երկրի տնտեսական բարձր աճի շրջանն արդեն ավարտվում է՝ բերելով ապագա նոր ռիսկեր ու մարտահրավերներ։
Ավելին՝ արձանագրված բարձր տնտեսական աճն այդպես էլ չկապիտալացվեց, չհանգեցրեց ՀՀ տնտեսական կառուցվածքի բարելավման և չվերածվեց տեսական երկարաժամկետ կայուն աճի ներուժի։ Այս ամենին էլ գումարած տնտեսական անվտանգության ավելացող սպառնալիքները։
Բերեմ պաշտոնական վիճակագրության վերաբերելի որոշ ցուցանիշներ։
Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 2022թ․-ին կազմել է 14,2%, որը 2023թ․-ի երկրորդ եռամսյակից սկսած կայուն նվազում է և տարին փակվեց 9,4% ցուցանիշով։
2023թ.-ին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է (մեր երկիր է մտել) շուրջ 2,23 տրիլիոն դրամ, ինչն ընդամենը 2%-ով է ավել 2022թ.-ի ցուցանիշից։ 2023թ.-ին նույն ձևով արտերկիր է փոխանցվել (մեր երկրից դուրս է եկել) 1,6 տրիլիոն դրամ, ինչն արդեն շուրջ 483 միլիարդ դրամով կամ 44%-ով է ավել 2022թ.-ի ցուցանիշից։
Փաստորեն, նախորդ տարվա համեմատ՝ 2023թ․-ին Հայաստանից դրամական միջոցների արտահոսքի աճը տոկոսային արտահայտությամբ 22 անգամ գերազանցում է դեպի մեր երկիր դրամական ներհոսքի աճի ցուցանիշին։
Հետևանքը՝ 2023թ.-ին արտերկրից դրամական մուտքերի և ելքերի չափերի դրական տարբերությունը (զուտ ներհոսքը) կազմել է 649 միլիարդ դրամ, ինչը շուրջ 441 մլրդ դրամով կամ 41%-ով պակաս է 2022թ.-ի ցուցանիշից։
Դասական իմաստով սա բնութագրում է հենց «տաք» փողերի փախուստը։
Հատկանշական է նաև այն, որ 2022թ․-ի 47 տոկոս թռիչքաձև աճից հետո, 2023թ․-ին ֆինանսական ծառայություններն գրանցել են երկնիշ անկում։ Եվ սա հենց պայմանավորված է արտաքին առևտրաշրջանառության աճի տեմպերի, ինչպես նաև օտարերկրյա դրամական միջոցների փախուստով։
Այսինքն՝ արտաքին, պատահական գործոններով պայմանավորված բարձր տնտեսական աճի «փուչիկը պայթում է»։ Իսկ տնտեսության պատասխանատուները կասկածի տակ էին դնում օտարերկրյա դրամական զուտ ներհոսքի ծավալների թռիչքաձև աճի ազդեցությունը գրանցված բարձր տնտեսական աճի վրա։
Հաջորդը՝ ՀՆԱ-ի երկնիշ աճերի պայմաններում նախորդ երկու տարիներին ևս շարունակաբար և առաջանցիկ աճել է պետական պարտքը։ Մասնավորապես, 2024թ․-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11,85 միլիարդ ԱՄՆ դոլար՝ 2023թ. հունվարի 1-ի նկատմամբ աճելով 11,5%-ով, իսկ 2022թ․-ի հունվարի 1-ի նկատմամբ՝ 28,5%-ով։
2018թ․-ի մայիսից հետո՝ այս իշխանության կառավարման նախորդ հինգուկես տարիներին պետական պարտքն աճել է շուրջ 5,1 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 75,4%-ով: Այնսինքն՝ այս իշխանության օրոք ՀՆԱ-ի աճի միջին տարեկան ցուցանիշը կազմել է 5,5%, իսկ երկրի պետական պարտքի տարեկան աճը՝ դրանից շուրջ 2,5 անգամ ավել՝ 14%։
Այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաշվով այս իշխանությունը պետական պարտքն ավելացրել է շուրջ 1800 ԱՄՆ դոլարով։
2023թ.-ին միայն ՀՀ կառավարության պարտքի գծով վճարված տոկոսավճարները կազմել են 253,4 մլրդ դրամ, ինչը 2022թ.-ի համեմատ ավել է 55,1 մլրդ դրամով կամ շուրջ 28%-ով, իսկ 2021թ․-ի համեմատ՝ 72,6 միլիարդ դրամով կամ շուրջ 40%-ով։
Կառավարության պարտքի գծով վճարված տոկոսավճարները ևս գրանցում են բարձր աճի խիստ մտահոգիչ միտումներ և, գնալով՝ էլ ավելի են կրճատում սոցիալական ծախսերի ավելացման իրական հնարավորությունները։
2023թ․-ին կառավարության պարտքի տոկոսների վճարները կազմել են տվյալ տարվա պետական բյուջեի հարկային եկամուտների շուրջ 11%-ը, ընդհանուր ծախսերի՝ շուրջ 10%-ը, իսկ սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին հատկացված ընդհանուր ծախսերի՝ 36%-ը։
Փաստորեն՝ ինչպես բազմիցս հիմնավորել և կանխատեսել ենք․ այս իշխանությունները մեր երկիրը պարտքով են պահում՝ մսխելով նաև մեր երկրի ապագա երկարաժամկետ զարգացման ռեսուրսը, թռիչքաձև աճող պարտքի բեռը թողնելով սերունդների ուսերին։
Զուգահեռաբար՝ խորանում են մեր երկրի տնտեսության իրական հատվածի բացասական միտումները, աճում են պլանավորված հարկային մուտքերի ապահովման ռիսկերը։ Այս պատճառով է, որ իշխանությունը համատարած նախաձեռնել է փոքր և միջին բիզնեսի հարկային բեռի էական բարձրացում և այս ոլորտի հարկային արտոնությունների վերացում։
Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը