Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության պարտատոմսերի թողարկման հանդիսավոր արարողությունը:
Ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել Հայաստանի կապիտալի շուկայում` 32 մլրդ դրամի չափով, 11.4% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով և արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի տեղաբաշխողն Ամերիաբանկն է:
Պարտատոմսերի թողարկման նպատակն Ընկերության վարկերի վերաֆինանսավորումն է, ինչպես նաև ներդրումային ծրագրի շարունակականության ապահովումը, որն ուղղված է էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմանը, բաշխիչ ցանցի ընդլայնմանը, գործառնական ծախսերի նվազեցմանը, սպասարկման որակի բարձրացմանը, նոր բաժանորդների միացմանը ցանցին, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերի արդիականացմանը:
Պարտատոմսերի հիմնական պոտենցիալ ներդրողները հայկական բանկերն ու կենսաթոշակային հիմնադրամներն են, սակայն, միևնույն ժամանակ, պարտատոմսերի ձեռքբերման գործընթացն առավելագույնս պարզեցված է ֆիզիկական անձ ներդրողների համար. յուրաքանչյուր ցանկացող կարող է ամբողջությամբ օնլայն ու ավտոմատացված եղանակով ՀԷՑ-ի պարտատոմսեր գնել՝ օգտվելով MyAmeria հավելվածի MyInvest հարթակից:
Ակնկալվում է, որ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվելուց հետո պարտատոմսերը կունենան նաև ակտիվ և խորը երկրորդային շուկա` շնորհիվ արդեն իսկ ձևավորված դիվերսիֆիկացված ներդորղների բազայի, պարտատոմսերի աննախադեպ մեծ ծավալի և պրոֆեսիոնալ շուկա ստեղծողների:
«Հայաստանի ֆինանսական շուկայում սեփական պարտատոմսերի տեղաբաշխումը, կարծում եմ, կնպաստի ֆինանսական շուկայի զարգացմանը, կխթանի դրա առանցքային մասնակիցների ավելի սերտ փոխգործակցությունը», – նշեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը, - « ՀԷՑ ֆինանսական կայունության երաշխիքներն են՝ կայուն, կայացած և թափանցիկ կարգավորման դաշտը, ծախսերի և ներդրումների փոխհատուցման երկարաժամկետ մեխանիզմները, կանխատեսելի և հաշվարկելի դրամական հոսքերը, էլեկտրաէներգիայի ծավալների փոփոխությամբ պայմանավորված ռիսկի բացակայությունը»:
«Ամերիաբանկի համար մեծ պատիվ է առանցքային դերակատարում ունենալ Հայաստանի էլեկտրական ցանցերի պարտատոմսերի թողարկան և տեղաբաշխման գործընթացում: Սա պատմական իրադարձություն է հայկական կապիտալի շուկայի համար, քանի որ պարտատոմսերի երբևէ իրականացված ամենախոշոր տեղաբաշխումն է` 32 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով: Նշանակալի է նաև այն, որ թողարկումն իրականացնում է հայկական դրամով` նպաստելով ազգային արժույթի նկատմամբ վստահությանը և երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը»,- նշեց «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Նշենք, որ «ՀԷՑ» ՓԲԸ պարտատոմսերի թողարկման ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը