168․am-ը գրում է․ Մինչ Հայաստանում հակառուսական տրամադրություններն ակտիվանում են, ռուսական շուկայից Հայաստանի տնտեսական կախվածությունը գնալով մեծանում է։ Դա ակնհայտորեն երևում է հատկապես արտաքին առևտրի, մասնավորապես՝ արտահանման ցուցանիշներում։
Ընդամենը մեկ տարի առաջ Հայաստանից արտահանման 27,3 տոկոսն էր բաժին ընկնում ռուսական շուկային։ Այս տարի այն հասել է 36,3 տոկոսի։
Մեկ տարվա ընթացքում ռուսական շուկայի տեսակարար կշիռը Հայաստանից արտահանման մեջ ավելացել է միանգամից 9 տոկոսային կետով՝ էապես ազդելով՝ ինչպես արտաքին առևտրի, այնպես էլ՝ տնտեսական ցուցանիշների վրա։
Այս տարվա 8 ամսում Հայաստանի ընդհանուր արտահանումը կազմել է 2,9 մլրդ դոլար։ Դրանից ավելի քան 1 միլիարդը գնացել է Ռուսաստան։
Պատկերացնելու համար, թե ինչ է նշանակում ռուսական շուկան հայկական արտահանման համար, նշենք, որ Եվրամիության բոլոր երկրներ միասին շատ ավելի քիչ արտահանում է իրականացվել, քան միայն Ռուսաստան։
Եվրամիության երկրների մասնաբաժինը մեր ընդհանուր արտահանման մեջ այս տարի կազմել է ընդամենը 18,6 տոկոս։ Ընդ որում, չնայած արտահանման արձանագրվող բարձր աճերին, Եվրամիության բաժինը բավական կտրուկ նվազել է։ Նախորդ տարի այն կազմել էր արտահանման 22,9 տոկոսը։ Այս տարի 4,3 տոկոսային կետով կրճատվել է։
Միայն ռուսական շուկա արտահանումը գրեթե կրկնակի գերազանցում է Եվրամիության բոլոր երկրներ միասին իրականացվող մատակարարումներին։ Դեռ չհաշված, որ այս երկրներ արտահանման հիմնական մասը հանքանյութն է, ինչպես նաև թանկարժեք քարերը։ Եվրոպական երկրների շուկաներում հայկական պատրաստի արտադրանքի իրացման ծավալները շատ սահմանափակ են։ Այդ շուկաների համար մեր տնտեսությունը շատ մեծ տեսականի մատակարարելու առաջարկ չունի։ Մեր արտադրության որակը հիմնականում չի համապատասխանում Եվրամիության երկրների պահանջարկին։
Փոխարենը՝ հայկական արտադրության պատրաստի արտադրանքի հիմնական շուկան եղել ու շարունակում է մնալ, առաջին հերթին, Ռուսաստանը։
Այս տարվա առաջին 8 ամսվա ընթացքում, պաշտոնական տվյալներով, Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 1 մլրդ 62 մլն դոլարի ապրանք։ Եվրամիության ավելի քան 2 տասնյակ երկրները միասին արտահանումը կազմել է 544 մլն դոլար։
ԵՄ արտահանման ամենամեծ շուկաները եղել են Բուլղարիան և Նիդեռլանդները։ Մի դեպքում մատակարարվել է՝ 175 միլիոնի, մյուս դեպքում՝ շուրջ 144 մլն դոլարի ապրանք։
Բուլղարիա արտահանման գրեթե 99 տոկոսը պղնձի հանքաքարն է ու խտանյութը։ Նույնը նաև Նիդեռլանդների պարագայում է. արտահանման առնվազն 90 տոկոսը, այսպես կոչված, երկաթահամահալվածքն է, որը ոչ այլ ինչ է, քան մոլիբդենը։ Եվրամիություն իրականացրած 544 մլն դոլար մատակարարումներից Բուլղարիայի և Նիդեռլանդների բաժինը կազմել է գրեթե 220 մլն դոլար, որից առնվազն 200 միլիոնը եղել է պղինձն ու մոլիբդենը։ Չհաշված, որ հայկական պղնձի ու մոլիբդենի մատակարարումները չեն սահմանափակվում միայն այդ երկրներով։
Ռուսական շուկայի պարագայում Հայաստանի տնտեսությունը գործ ունի ավելի շատ պատրաստի արտադրանքի մատակարարումների հետ։ Դրանց մեջ քիչ չեն գյուղատնտեսական մթերքներն ու վերամշակվող արտադրանքը։
Այնպես է ստացվել, որ հայկական ապրանքների արտադրության որակն ավելի շատ համապատասխանում է ռուսական շուկայի պահանջարկին։ Եթե նույնիսկ չափից շատ ուզենանք, այս իրավիճակը կարճ ժամանակում անհնարին է փոխել։ Մեր տնտեսության որակն այնպիսին չէ, որ կարողանա մրցակցել ավելի զարգացած երկրների շուկաներում։ Ուստի՝ ստիպված է լինելու դեռ երկար ժամանակ բավարարվել այն շուկաներով, որտեղ որոշակի հնարավորություն կա իրացնելու պատրաստի արտադրանք։
Այդ շուկաներից ամենամեծը հիմա ռուսականն է, կրկնակի ավելի մեծ, քան Եվրամիության երկրներինը միասին վերցրած, 20 անգամ ավելի մեծ, քան ամերիկյան շուկան է հայկական ապրանքների արտահանման համար։ Որևէ այլ երկրի հետ արտահանման հարաբերություններում Հայաստանը չունի այնպիսի մեծ մասնաբաժին, ինչպիսին Ռուսաստանի պարագայում։ Դրանք նույնիսկ մոտ չեն ռուսական շուկայի մատակարարումներին։
Որպես արտահանման գործընկեր՝ մեծությամբ երկրորդը Չինաաստան է, որի բաժինն արտահանման մեջ այս տարի կազմել է ընդամենը 8,1 տոկոս, երրորդն Արաբական Միացյալ Էմիրություններն է՝ 7,9 տոկոս կշռով։
Ի դեպ, ԱՄԷ շուկայում այս տարի կտրուկ առաջընթաց է գրանցվել։ Նախորդ տարի այն արտահանման ընդամենը 2,7 տոկոսն էր զբաղեցնում։ Այս տարի կշիռը գրեթե 3 անգամով ավելացել է։ Դա տեղի է ունեցել հիմնականում 2 ապրանքատեսակի մասով՝ սիգարետի և ադամանդի։
Մյուս արտահանման շուկաներում հայկական ապրանքների ներկայացվածությունը շատ ավելի սահմանափակ է։
Հայաստանից արտահանումը Ռուսաստան այս տարի կրկնապատկվել է։ Իհարկե, լավ կլիներ, որ դա լիներ բացառապես հայկական արտադրության ապրանքների արտահանման հաշվին։ Բայց հասկանում ենք, որ այդպես չէ։
Արտահանման այդպիսի կտրուկ աճի մեջ մեծ է եղել վերարտահանումների դերը։ Ռուսական շուկայում, կիրառված պատժամիջոցների հետևանքով, ազատ տարածքներ են բացվել, որը հնարավորություն է տվել այն լցնել այլ երկրներից վերարտահանումներ կազմակերպելու միջոցով։ Դա մեր տնտեսության հետ ուղղակի կապ չունի, բայց շրջանառությունների արդյունքում կապիտալի որոշակի հոսքեր է ապահովում դեպի Հայաստան։
Հայաստանից Ռուսաստան վերարտահանման ծավալների վերաբերյալ կոնկրետ տվյալներ չկան, բայց առանց դրանց էլ ռուսական շուկայի դերը չափազանց մեծ է հայկական, հատկապես՝ պատրաստի արտադրանքի իրացման համար։ Ու եթե այնպես ստացվի, որ մոտ ապագայում մեր տնտեսությունը կորցնի այդ շուկան, կանգնելու է շատ ծանր փաստի առաջ։ Տնտեսության բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ գյուղմթերքների արտադրությունն ու վերամշակումը զրկվելու է իրացման շուկայի հիմնական մասից։
Սա ռուսական շուկայի հետ Հայաստանի տնտեսության կապի ընդամենը մեկ օղակն է։ Իսկ այդպիսի օղակները բազմաթիվ են, նաև ներմուծումների առումով։ Միայն այն, որ Հայաստանը ռուսական գազը ստանում է անգամներով ավելի էժան, քան միջազգային շուկայում հաստատված գներն են, բավական է պատկերացնելու, թե ինչ խնդիրների կարող է բախվել տնտեսությունը, եթե դադարի վառել արտոնյալ պայմաններով մատակարարվող ռուսական գազը։ Իսկ այդպիսի հեռանկարը միանգամայն իրատեսական է, հատկապես շարունակվող հակառուսական հիստերիայի խորացման պարագայում։ Դրա համար բոլորովին պարտադիր չէ նաև, որ Ռուսաստանը դուրս գա Հայաստանից, որպեսզի հետևանքները երևան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը