Այլընտրանքային նախագծեր խումբը «Հայկական օրակարգ» ծրագրի շրջանակներում երեկ կազմակերպել էր հերթական քննարկումը։
Խումբը հրապարակել է քննարկման մասնակիցների առանցքային ձևակերպումները։
Միքայել Մելքումյան. ԲՀԿ, Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր:
Աշխարհում շատ տարբեր իրադարձություներ են տեղի ունենում և դրանք տարբեր, այդ թվում տնտեսական ազդեցություն են ունենալու Հայասատանի վրա։ Այսօր ողջ աշխարհում տնտեսական թիվ մեկ խնդիրն ու մարտահրավերը գնաճն է։ Ինձ հարց են տալիս, եթե նվազագույն աշխատավարձի բարձրացման նախագիծը կառավարությունը մերժում է, ի՞նչ անի ժողովուրդը։ Բայց դուք տեսել ե՞ք, որ ժողովուրդը դուրս գա փողոց և պահանջի աշխատավարձի, թոշակի, նպաստի բարձրացում։ Ստեղծված իրավիճակն այնքան բարդ է, որ մարդիկ կարևորում են բացառապես անվտանգությունը և անվտանգային այլ խնդիրներ, բայց անվտանգային փխրուն համակարգեր ունեցող երկրում պետք է փայփայվի ներդրողը, մինչդեռ այս կառավարությունը նման քայլեր ակնհայտորեն չի ձեռնարկում։
Առաջիկայի տնտեսական լրջագույն մարտահրավերը ռուբլու անկումն է։ Արտարժութային կուրսի խնդիրներ առաջին անգամ չէ, որ ծագում են։ Բոլորս լավ հիշում ենք 2009 թ․-ի միջազգային տնտեսական ճգնաժամը, այնուհետև 2014 թ․-ին Ղրիմում և Դոնբասում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում առաջացած ռուբլու անկումը, այսօր արդեն երրորդ նմանատիպ ճգնաժամն է։ Համոզված եմ՝ առաջիկայում ռուբլին չեն կարողանա պահել այս մակարդակի վրա։ Բացի այդ՝ Հայաստանից տարեկան առնվազն 650.000 մարդ է մեկնում ՌԴ արտագնա աշխատանքի և ակնհայտ է, որ այս տարի շոշափելիորեն կնվազի Հայաստան եկող տրանսֆերների ծավալը։
«Բարգավաճ Հայաստանը» և անձամբ ես մի քանի անգամ շրջանառության մեջ էինք դրել օրենքի նախագիծ, որը կոչվում էր մեկ պատուհանի սկզբունք ներդրումների համար։ Այսօր ՀՀ-ում մի քանի հարյուր միլիոն դոլարանոց, պայմանականորեն 150-200 միլիոնը գերազանցող ներդրում չի կարող լինել, որովհետև անվտանգություն չապահովող երկրում դու պիտի այնպես փայփայես ներդրողին, որ ռիսկերը մեղմացվեն։ Ակնհայտորեն Հայաստանի կառավարությունը ի վիճակի չէ այս խնդիրը լուծել և դեռ մինչ պատերազմը նրանք այդպիսի հնարավորություն ներդրողի համար չէին ստեղծում։
Կարեն Ճշմարիտյան. Էկոնոմիկայի նախկին նախարար։
Տնտեսական ռիսկերի մասով կուզեմ մի բան ընդգծել , որի հետ կարծում եմ գործընկերներս կհամաձայնվեն։ Այս չորս տարվա արհավիրքները ցույց տվեցին, թե ինչքան կենսունակ է մեր տնտեսությունը։ Պատերազմից, ներդրումային մթնոլորտը տարաբնույթ մեթոդներով քայաքայելուց հետո, տնտեսությունը ապացուցեց իր իրական կենսունակությունը։
Ներդրումներ իսկապես անհրաժեշտ են ՀՀ-ին, բայց այն ինչ պետք է ներդրողին այսօրվա Հայաստանում բացակայում է։ Ի՞նչ է անհրաժեշտ ներդրողին՝անվտանգություն, խաղաղություն, բայց՝ իրական, ոչ թե թղթի վրա, որ վաղը, այն հողը, որտեղ ինքը ներդրում է անում այնպես չլինի, որ իրենը չլինի։ Ես,եթե չեմ սխալվում, Հայաստանը վերջին չորս տարում, որևէ երկրի հետ երկկողմանի համաձայանգիր չի կնքել, օրինակ՝ ներդրումների պաշտպանության խրախուսման փոխադարձ պաշտպանության կամ առևտրատնտեսական համագործակցության խորացման մասին։ Համենայն դեպս, ես նման ինֆորմացիա չունեմ։ Այստեղ միտք հնչեց, որ ժողովուրդը պիտի ինքնակազմակերպվի և սոցիալական խնդիրներով բողոք իրականացնի։ Ժողովուրդը որևէ տեղ չի ինքնակազմակերպվում, ժողովրդին պետք է կազմակերպել վերևից և ուղղորդել պայքարի։
Թադևոս Ավետիսյան. ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր։
Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստի ընթացքում պարզ հայտարարեց, որ սոցիալական խնդիրներն առաջնային չեն, այսինքն խնդիրներ կան, բայց իրենք այդ խնդիրները չեն լուծելու։ Ավելի պարզ ասվեց, որ՝ Հայաստանի քաղաքացի, հայ մարդ, դու լավ չես ապրելու։
Հայաստանում յուրաքանչյուր մարդ ամեն հաջորդ օրն ավելի վատ է ապրում, քան նախորդ օրը։ Սա կարծիք չէ, սա վիճակագրական փաստ է։ Սա գիտի յուրաքանչյուրը։ Բայց չես կարող այդ մասին խոսել, քանի որ ի վերջո վատ ապրելն ավելի լավ է, քան հայրենազրկվելը։ Վատ ապրելը շատ ավելի լավ է, քան սեփական երկրում վախվորած, անընդհատ զիջումներով ապրելը։ Իրականում, եթե գոյատևման խնդրին գումարվում է սոցիալական ու կենցաղային հարցերի չլուծվելը, ապա, դա միանշանակ բերում է առավել վատ հետևանքների, օրինակ՝ շատ մեծ թափով արտագաղթի։
Տնտեսական աճի բացակայությունը, անկումը իշխանությունը բացատրում է մեծապես պատերազմի հանգամանքով։ Բայց փաստ է, որ մինչ պատերազմը տնտեսությունն արդեն անկում էր գրանցում, իսկ պատերազմը այո, ազդել է տնտեսական ցուցանիշի անկման վրա, բայց եթե խոսենք թվերով, ապա այդ բացասական ազդեցությունը կազմել է ընդամենը 0.5%։ Ունենք Վրաստանի օրինակը, որն անցնելով իր պատերազմի, իր ռիսկերի միջով կարողացել է միևնույն ժամանակ գրանցել երկնիշ տնտեսական աճ։ Ակնհայտ է, որ իշխանությունը պատրաստել է բացատրություն, իր իսկ կողմից այս տարվա համար հայտարարված 7.5% տնտեսական աճի սպասող տապալման համար։ Իրենք դա պայամանավորելու են Ուկրաինայում մեկնարկած պատերազմով։ Խնդիրները տնտեսական չեն, խնդիրը քաղաքական հարթության մեջ է և պահանջում է քաղաքական լուծումներ։
Հարություն Մնացականյան։ Գյուղատնտեսության փորձագետ, ֆերմեր։
Հայաստանում գյուղատնտեսությունը լինելով շատ խոցելի ոլորտ, անընդհատ պահանջում է անհետաձգելի ու շտապ լուծումներ, ինչը վերջին տարիներին ընդհանրապես չի կատարվոում։ Օրինակ՝ երբ ռուս-ուկրաինական պատերազմը մեկնարկեց, և Ռուսաստանը սկսեց էմբարգոներ կիրառել, հացահատիկի գները բավականին բարձրացան և տեղական շուկայում տագնապ սկսեց։ Իշխանությունն ասում է՝ հացի խնդիր չի լինի, ալյուր կլինի, բայց այս ամենին կարելի է նայել այլ տեսանկյունից, սա միայն հացի խնդիր չէ։ Հայաստան է ներմուծվում շուրջ 200.000 տոննա անասնակեր, որի գները չհիմնավորված բարձրացվել է տնտեսվարողների կողմից՝ կապված Լարսի փակման և, առհասարակ, ներկա իրավիճակի հետ։ Եվ հենց սրանով էլ պայմանավորված՝ Հայաստանում տեղի է ունենում անասունների, թռչունների մեծաքանակ մորթ, ինչը բացասական հետևանք կարող է ունենալ, քանի որ խոշոր եղջերավոր անասունների գլխանակի վերականգնումը պահանջում է երկար տարիներ։
Այսօր ունենք մեծաքանակ սերմնացուի դեֆիցիտ, չկա գարնանացան գարու, ցորենի սերմ և այլն։ Կան հիմնավոր վերլուծություններ, որ այս խնդիրն ավելի է խորանալու, եթե ռուս-ուկրաինական պատերազմը ձգվի մինչև մայիսի վերջ։ Նույն ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ սպասվում է ձեթի շատ բարձր գնաճ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը