Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր տասնյակ հազարավոր մարդիկ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից փախստականի, ներգաղթյալի կամ զբոսաշրջիկի կարգավիճակով ժամանել է Հայաստան: Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան տվյալներով՝ վերջին երեք շաբաթվա ընթացքում ՀՀ սահմանը հատել է Ուկրաինայի մոտ 4 հազար քաղաքացի՝ հիմնականում ազգությամբ հայեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին դեսպանատան հրավիրված ասուլիսում լրագրողներին հայտնեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:
«Առանձնահատկությունն այն է, որ նրանք գրեթե բոլորը ազգությամբ հայեր են, ունեն այստեղ ընկերներ, հարազատներ, տուն, այդ իսկ պատճառով չեն դիմում օգնության համար», - նշեց ժամանակավոր հավատարմատարը:
Ըստ Ավտոնոմովի՝ ուկրաինական դեսպանությունը որոշ հնարավորություններ ունի մարդկանց «տեղավորելու», նրանց բնակեցման հարցը լուծելու համար, բայց զբաղվածության հարցը լուծելը ավելի դժվար է:
Հատկանշական է, որ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ՝ երևանցիներ, շրջանների բնակիչներ, ըստ Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչի, դիմում են դեսպանատուն՝ պատրաստակամություն հայտնելով օգնել ուկրաինացի փախստականներին վերաբնակեցնելու գործում:
Ավելի վաղ Դենիս Ավտոնոմովը լրագրողներին հայտնել էր, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ուկրաինան լքել է մոտ 3,5 միլիոն փախստական:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը