Ամերիկյան Microsoft ընկերությունը որոշել է դադարեցնել ապրանքների և ծառայությունների վաճառքը Ռուսաստանում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ուրբաթ օրը ընկերության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Հայտարարում ենք, որ դադարեցնում ենք «Microsoft»-ի արտադրանքի և ծառայությունների բոլոր նոր վաճառքները Ռուսաստանում», - հայտնել են ընկերությունից։
Բրիտանական Rolls-Royce ավտոարտադրողը որոշել է դադարեցնել ավտոմեքենաների մատակարարումը Ռուսաստան՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրը Forbes ամսագրին հայտնել են ընկերության ներկայացուցիչները։
«Տարածաշրջանում իրավիճակը մնում է անորոշ: Ներկա պայմաններում մենք դադարեցնում ենք ավտոմեքենաների մատակարարումը ռուսական շուկա: Մենք շարունակում ենք գնահատել իրավիճակը, ինչպես նաև մեր բիզնեսի համար հնարավոր հետևանքները», - հայտնել են ընկերությունից:
Ավելի վաղ՝ փետրվարի 24-ին, Rolls-Royce-ը հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է ռուսական տիտանի գնումը, որն օգտագործվում է ավիացիոն շարժիչների արտադրության մեջ։
Ավստրալիան սառեցրել է 33 միլիոն դոլարի չափով միջոցները ռուսական հիմնադրամներում՝ ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման, հաղորդում է AP-ը։
Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնը հրաժարվել է նշել հաստատության անվանումը եւ այն, թե ում է պատկանում գումարը։
Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 350 ռուսաստանցիների, ներառյալ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։ Ավստրալիան պատժամիջոցներ է կիրառել նաեւ բելառուսցի 13 իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, այդ թվում՝ պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի դեմ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը