Hraparak.am-ը գրում է․
«ՌԴ-ում ՀՀ նոր արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում հասցրել է աչքի ընկնել իր էկզոտիկ պահվածքով: Նա համարյա դուրս չի գալիս իր աշխատասենյակից, դեսպանության աշխատողներին չի վստահում: Մեկուսացած է նաեւ կոլեկտիվից, ինչպես պաշտպանության նախարար աշխատելու շրջանում: Ընդունելություններ դեսպանատունը նախկինի համեմատ ավելի քիչ է կազմակերպում:
Հունվարի 5-ից ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակված Հարությունյանն իր առաջին հրապարակային միջոցառումն անցկացրել է փետրվարի 18-ին՝ դիվանագիտական ընդունելություն, նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-ամյակին:
Հատկանշական է, որ այս ընդունելությանը ՌԴ ռազմական կամ որեւէ այլ գերատեսչությունից որեւէ պաշտոնյա ելույթ չի ունեցել: Խոսել է միայն ՌԴ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Բալուեւսկին, որը պաշտոնաթող է 2008 թվականից: «Հրապարակի»՝ հայկական դեսպանատանը մոտ աղբյուրը պատմում է, որ նոր դեսպանը գործերին մասնակից է դարձնում իր եղբորը եւ նրա որդուն: Դեսպանի եղբայրը նույնիսկ աշխատանքի ընդունելության հետ կապված հարցերն է կանոնակարգում, հարցազրույցներ է անցկացնում դիմողների հետ: Իսկ դեսպանի եղբորորդին՝ Արթուր Հարությունյանը, այժմ նրա վարորդն է եւ մի շարք հարցերի լուծմանն է մասնակցում:
Թերեւս ամենաէկզոտիկը նոր դեսպանի վերաբերմունքն է պաշտոնական ընդունելություններին: Սովորաբար ՀՀ լիազոր եւ արտակարգ դեսպանները միշտ ուղեկցել են մեր կառավարության ներկայացուցիչներին ՌԴ պաշտոնական վերնախավի հետ հանդիպումների ժամանակ: Հարությունյանը, սակայն, չի մասնակցել ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարների փետրվարի 25-ի հանդիպմանը, ինչն արտառոց բացակայություն է եւ չի վրիպել համայնքի կյանքով հետաքրքրվող մոսկվաբնակ հայերի աչքից:
Ոմանք սա բացատրում են նրանով, որ ՌԴ ներկայիս ռազմական գործիչները Վաղարշակ Հարությունյանին չեն ընդունում: Սակայն ավելի հավանական է ներիշխանական ինտրիգների վարկածը:
Դեսպանատանը մոտ կանգնած շրջանակները սա բացատրում են պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի նկատմամբ Սուրեն Պապիկյանի ոչ բարեհաճ վերաբերմունքով: Բանն այն է, որ Վաղարշակ Հարությունյանը պաշտոնական շրջանակներում ընկալվում է որպես ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համախոհն ու ընկերը: Իսկ Քոչարյանի նկատմամբ Սուրեն Պապիկյանը բավականին սառը վերաբերմունք ունի, ինչն ընդգծում է ամեն հարմար առիթով:
Օրինակ, փետրվարի 9-ին՝ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, Սուրեն Պապիկյանը դժգոհություն հայտնեց պաշտպանության ոլորտի ռեֆորմների հայեցակարգի հետ կապված, որը գրվել է անմիջապես 44-օրյա պատերազմից հետո, Անդրանիկ Քոչարյանի անմիջական «կուրացիայի» ներքո: Վաղարշակ Հարությունյանը համաձայնեցնում էր փաստաթղթի բոլոր կետերը Քոչարյանի հետ: Սուրեն Պապիկյանը նրանց աշխատանքը գնահատել է «բավականին լավ»՝ ավելացնելով. «Բայց ես՝ որպես գերատեսչության ղեկավար, այդ աշխատանքով բավարարված չեմ եւ հետ եմ ուղարկել վերախմբագրման»: Թե ինչը Պապիկյանին դուր չի եկել, նա չի ասել: Մինչդեռ բանակի ռեֆորմի այս հայեցակարգը Անդրանիկ Քոչարյանը մի քանի անգամ «անոնսել» էր իր տարբեր հրապարակային ելույթներում՝ նշելով, որ բարեփոխումները պետք է ընկալելի լինեն ողջ հանրության համար, եւ որ Վաղարշակ Հարությունյանի հետ ինքը 10 տարի է՝ քննարկում է մեր երկրի անվտանգությունը:
ՀԳ․ Եվ մի փաստ էլ․ Վաղարշակ Հարությունյանին Ռուսաստանում դեսպան ուղարկելու որոշումը դժվարությամբ է կայացվել։ ՀՀ իշխանությունը, մեր տեղեկություններով, այլ տարբերակներ է փորձել, մասնավորապես՝ ՌԴ իշխանություններին են ներկայացրել Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի թեկնածությունը, որը մերժվել է։ Դրանից հետո կանգ են առել Վ․ Հարությունյանի վրա, որի թեկնածությունն ուշացումով, բայց ՌԴ-ից հաստատվել է։ Հավանաբար, ՌԴ-ում էլ են առաջնորդվել չարյաց փոքրագույնի տարբերակով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը