28 02 2022

Ադրբեջանի և Թուրքիայի կատարված հանցանքներն էլ պետք է արժանի գնահատականի արժանանան. Սեյրան Օհանյան

Ադրբեջանի և Թուրքիայի կատարված հանցանքներն էլ պետք է արժանի գնահատականի արժանանան. Սեյրան Օհանյան

ՀՀ  ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը փետրվարի 28-ին հանդիպել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։ 

Դեսպան Ստեֆան Դիոնը նշել է, որ Կանադայի խորհրդարանի աջակցությամբ Հայաստանի խորհրդարանում նախատեսվում է իրականացնել ծրագիր, որը միտված է լինելու խորհրդարանի ժողովրդավարության բարձրացմանն ու ավելի ապահով երկիր ունենալուն: Ծրագրի նպատակներից է ունենալ այնպիսի աշխատակազմ, որը կլինի ոչ կուսակցական և կծառայի  թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության  շահերին: Նշվել է, որ այս կապակցությամբ նախապես իրականացվել են հետազոտական աշխատանքներ:

Դեսպանը հետաքրքրվել է,  թե ի՞նչ կարծիք ունի «Հայաստան» խմբակցությունը ծրագիրն առաջիկա հինգ տարում իրականացնելու վերաբերյալ:

Խմբակցության ղեկավարը դրական է գնահատել այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք  ուղղված են ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը:  Նա կարևորել է աշխատանքի երկարամյա փորձ ունեցող աշխատակիցների ներկայությունը խորհրդարանում, մատնանշել նաև իր նկատած խնդիրները, որոնք խոչընդոտում են ժողովրդավարությանը:

Սեյրան Օհանյանը կարևորել է Կանադայի, Եվրամիության, ինչպես նաև եվրոպական երկրների հետ Հայաստանի երկկողմ և բազմակողմ հարաբերությունները՝ նկատի ունենալով, որ դրանց հիմքում ժողովրդավարությունն է, գենդերային հավասարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը, խաղաղությունը և այլ հարցեր:

Անդրադառնալով  Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած  44-օրյա պատերազմի հետևանքներին՝ խմբակցության ղեկավարը կարևորել է միջազգային հանրության կողմից  հասցեական գնահատականների հնչեցումը և իրականացված  հանցագործություններին  ճիշտ և լիարժեք արձագանքելը:

«Պատերազմից հետո էլ Ադրբեջանի և Թուրքիայի հռետորաբանությունը և նրանց կողմից կատարված հանցանքները Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ և մեր սահմաններից  ներխուժումը պետք է արժանի գնահատականի արժանանա այնպես, ինչպես, օրինակ, այսօր եվրոպական ողջ հանրույթը փորձում է արձագանքել  Ուկրաինայում տիրող իրավիճակին»,-ասել է Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով  խորհրդարանական կառավարման համակարգին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ այն բարեփոխելու անհրաժեշտություն կա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ