NEWS.am-ը գրում է․
Հոկտեմբերի 25-ին Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցած «Թասիբով» դաշինքի ղեկավար, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին հրավիրել են Ոստիկանություն ծանր վիրավորանք հասցնելու կասկածանքով։
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հրավերով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի պատգամավորներ փետրվարի 25-ին այցելել էին Գյումրի։ Անդրադառնալով այդ այցելությանը՝ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն էր արել.
«Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի՝ Գյումրի այցելած քեմալական սովածներին հյուրասիրել են քաղաքում ամենաթանկ «Իմպերիալ» ռեստորանում...
Սոված-չտեսներին կերակրելու ծախսը կազմել է մոտ 1000000 ՀՀ դրամ... Հետաքրքիր է՝ ո՞վ է փակել էդ հաշիվը»։
NEWS.am-ի հետ զրույցում Պողոսյանն ասաց, որ իրեն Ոստիկանության հրավերը չի զարմացրել՝ հաշվի առնելով վերջին շրջանում հարուցված քրեական գործերը ֆեյսբուքյան գրառումների համար։
«Այսօր նաեւ ֆեյսբուքն է գործիք կապիտուլյանտների դեմ պայքարելու։ Ու այդ պայքարը կդադարի միայն դրանցից երկիրը մաքրելուց հետո։ Ինձ հազար անգամ են կանչել, իմ հանդեպ հազար ճնշում է եղել, բայց իմ սկզբունքները չեն փոխվել»,- նշեց նա։
Պողոսյանի խոսքով՝ նյութեր են նախապատրաստվում քրեական գործ հարուցելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը