Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը փետրվարի 24-25-ը դուստրերի՝ Շուշանի և Արփիի հետ այցելել է Վայոց ձորի մարզ: Այս մասին հայտնում են մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ Վարչապետի տիկինը ծանոթացել է մարզի կրթական, մշակութային և արհեստագործական կենտրոնների գործունեությանը, ինչպես նաև այցելել է գինու գործարաններ, ընտանեկան հացատուն և ֆերմա։
Այցը մեկնարկեց Հայրենական մեծ և Արցախյան հերոսամարտերի զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններին ծաղիկների խոնարհումով:
Այցի հաջորդ կանգառը Արենիում Վարդանյանների բազմազավակ ընտանիքն էր, ովքեր դաստիարակում են 8 երեխա: Նրանք զբաղվում են գյուղատնտեսությամբ: Աննա Հակոբյանը հետաքրքվեց երեխաների ուսմամբ՝ կարևորելով կրթության դերը կյանքի ապագա փուլերում: Ջերմ զրույցի ընթացքում պարզվեց, որ երեխաները սովորում են գերազանց առաջադիմությամբ: Վարդանյանների մեծ դուստրը՝ Արմինեն, ինքնուս կիթառ է նվագում և իր կատարումներով հուզեց ներկաներին, իսկ փոքրը՝ Սիրվարդը ապագա դաշնակահար է:
Քաղաք Եղեգնաձորում Աննա Հակոբյանը հյուրընկալվեց նաև Հասմիկ Հովսեփյանի բնակարանում, ով բազմազավակ մայր է և ունի 7 զավակ։ Վերջինս ընտանիքի կարիքները հոգալու համար զբաղվում է առևտրով: Աննա Հակոբյանը բարձր գնահատեց կնոջ աշխատասիրությունն ու ընտանիքի նկատմամբ հոգատար վերաբերմունքը:
Վարչապետի տիկնոջ հաջորդ կանգառը 5-ամյա նկարչուհի Մարիա Մխիթարյանի տունն էր: Մարիան նկարում է 2 տարեկանից, վերջինիս նկարներն արդեն իսկ ցուցադրվել են տեղական և միջազգային մի շարք հեղինակավոր ցուցահանդեսներում և փառատոններում: Փոքրիկն ու վարչապետի կրտսեր դուստրը՝ Արփին նախ համատեղ նկարեցին, այնուհետև Մարիան Աննա Հակոբյանին նվիրեց իր հեղինակած ստեղծագործություններից մեկը: Վարչապետի տիկինը գովասանքի խոսքեր ասաց փոքրիկին, հաջողություն մաղթեց և խոստացավ հնարավորության դեպքում ներկա գտնվել նրա ցուցահանդեսներից մեկին:
Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակներում Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և մարզպետ Արարատ Գրիգորյանը այցելեցին Եղեգնաձոր քաղաքի Երկրագիտական թանգարան: Թանգարանի տնօրեն Կարեն Ազատյանը ներկայացրեց մարզի տարածքից հայտնաբերված տարբեր ժամանակաշրջանների հնագիտական ուշագրավ նյութեր, այդ թվում՝ մի շարք եզակի նմուշներ:
ՀՀ վարչապետի տիկնոջ աշխատանքային օրվա հաջորդ այցը «Մոշ ստուդիոն» էր: Ձեռագործ զգեստների և աքսեսուարների այս կենտրոնի ղեկավարը Արմինե Աղաջանյանն է: Վերջինս իր գաղափարակից գործընկերների հետ կենտրոնում կազմակերպում է նաև ձեռագործ աշխատանքների վարպետության դասեր համայնքի կանանց համար: Աննա Հակոբյանը հետաքրքրվեց կենտրոնի գործունեության, Արմինեի երազանքներով և նպատակներով: «Մոշ Ստուդիոն» իր տեսակով եզակի նախաձեռնություն է Եղեգնաձոր քաղաքում:
Պակաս հետաքրքրություն չէր ներկայացնում ծղոտագործ Արթուր Պետրոսյանի «Եղեգ» արհեստանոցի վերաբերյալ պատմությունը: Վարպետ Արթուրը փափկացնում և ճկում է ուռենու ճյուղերը՝ դրանցից պատրաստելով զամբյուղներ և այլ գեղեցիկ իրեր: Նմանատիպ մի զամբյուղ էլ պատրաստեցին վարչապետի դուստրերը՝ Արփին և Շուշանը: Իր արհեստանոցում Արթուրն այցելուներին սովորեցնում է զամբյուղագործության գաղտնիքները:
Արենի գյուղում վարչապետի տիկինն այցելեց մշակութային կենտրոն, որը նախկինում ծառայել է որպես գյուղի ժամ: Կենտրոնում երեխաները հնարավորություն ունեն մասնակցելու վարպետ Մարատի կողմից դասավանդվող քանդակագործության դասերին, ինչպես նաև կավագործության դասերին՝ Արփինեի ղեկավարությամբ:
Աննա Հակոբյանը հյուրընկալվեց նաև Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում: Քոլեջը հիմնադրվել է 1971 թվականին, որի հիմնական նպատակը նախնական և միջին մասնագիտական որակի մասնագետների պատրաստումն է: Տնօրեն Արգամ Դովլաթյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին դասասենյակներով՝ հընթացս ծանոթանալով դասապրոցեսներին և ուսուցման մեթոդաբանությանը:
Վայոց ձոր այցի շրջանակներում Աննա Հակոբյանն այցելել է Արենի գինու գործարան, որտեղ տնօրեն Ռաֆիկ Սիմոնյանը ներկայացրել է գործարանի հիմնադրման պատմությունը՝ հավելելով, որ այգիների հատվածը տարվա բոլոր եղանակներին պատրաստ է հյուրընկալել զբոսաշրջիկների չդադարող հոսքերը:
Վարչապետի տիկինն այնուհետև այցելել է «Ընկուզենու տակ» անվանումը կրող հայկական ավանդական ռեստորան: Այն հետաքրքիր ընտանեկան բիզնես գաղափար է: Տունը, որտեղ ապրում է Խալաթյանների ընտանիքը, հյուրընկալում է նաև զբոսաշրջիկներ, որոնց համար առկա է առանձին սենյակ: Ռեստորանը բավականին յուրահատուկ ճաշատեսակներ ունի, անցկացնում են գաթա թխելու, գինի և օղի թորելու վարպետաց դասեր զբոսաշրջիկների համար: Արփին գաթա թխեց ընտանիքի անդամների հետ, իսկ Աննա Հակոբյանը ողջունեց վերջիններիս ստեղծարար միտքն ու հաջողություն մաղթեց ապագա բոլոր նախաձեռնություններում:
Աննա Հակոբյանի նախավերջին կանգառն Աղավնաձոր գյուղի «Տրինիտի կանյոն այգիներ» անունը կրող գինու գործարանն էր: Ամերիկահայ գործարար Հովակիմ Սաղաթելյանի խոսքով գործարանում մշտապես հնչում է հոգևոր երաժշտություն, ինչը, ըստ նրա, օգնում է աշխատանքի արդյունավետ կազմակերպման գործում: Գործարանը ներառում է նաև ինտենսիվ այգիներ, որտեղ նախատեսվում է կառուցել 1500-2000 շիշ արտադրողականությամբ փոքրիկ գինեգործարաններ:
Այցելություն կատարվեց նաև «Երեմյան Փրոջեքթս» ընկերություն՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած տավարաբուծական ֆերմա: Աննա Հակոբյանը բարձր գնահատեց ընկերության տնօրինության յուրովի մոտեցումներն ու հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ:
Ամփոփելով այցելությունը՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Վարչապետի տիկին Աննա Հակոբյանին մարզի բնակչության նկատմամբ ցուցաբերվող շարունակական ուշադրության համար, որը ոչ միայն հնարավորություն է ընձեռում ծանոթանալ մարզի կրթական, մշակութային և ձեռնարկատիրական գործունեությանը, այլև ոգեշնչում է շնորհալի երիտասարդներին և գործարարներին ավելի մեծ ոգևորությամբ շարունակել իրենց գործունեությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը