Hraparak.am-ը գրում է․
«Երեկ երեկոյան ոստկանությունը Երևանի «Մարիոթ» հյուրանոցի դիմացից բերման է ենթարկել 25 երիտասարդների, նրանց թվում նաև եղել է «Երկիր մեդիայի» լրագրող, մեր գործընկեր Անի Նահապետյանը։ Այդ պահին մի խումբ երիտասարդներ, որոնց թվում նաև դաշնակցականներ կային, բողոքի ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ Հայաստան ժամանած ադրբեջանցի պատվիրակների։ Անին էլ իր մասնագիտական պարտքն էր կատարում՝ լուսաբանում էր ակցիան։ Բայց ոստիկանները, չնայած տեսնելով, որ լրագրող է, նրան ևս բերման են ենթարկել ոստիկանության բաժին և քրեական գործ հարուցել նրա դեմ խուլիգանության հոդվածով։
«Ոստիկանության պարզաբանման մեջ նշված է, որ իբրև մենք խուլիգանություն ենք կատարել, հինգ րոպե տևողությամբ գոռացել ենք «Նիկո՛լ, դավաճան», «Նիկո՛լ, թուրք», որից հետո սեռական բնույթի հայհոյանքներ ենք հնչեցրել»,-Hraparak.am-ին ասաց Անի Նահապետյանը։
Հարցրինք՝ ի՞նքն էլ։ «Ես՝ ոչ։ Իմ պարզաբանման մեջ էլ է դա նշված։ Ես եղել եմ «Մարիոթի» դիմաց, որպեսզի նկարեմ։ Բայց երբ ասացի՝ ես լրագրող եմ, ինձ չեք կարող բերման ենթարկել, ասացին՝ մեզ չի հետաքրքրում, թե դու ինչ ես, ու մտցրեցին ոստիկանական մեքենան։ Երբ մտանք ոստիկանական բաժանմունք, ես նորից կրկնեցի, որ ես լրագրող եմ, բայց ասացին՝ կապ չունի, դու արդեն էստեղ ես, ու հանեցին վերև և հինգ ժամ պահել են։ Քրեական գործ են հարուցել՝ խուլիգանության կասկածանքով»,-ասաց նա։
Անին նաև ասաց, որ ինքը ոչ մի հայհոյանք չի հնչեցրել, որևէ բան չի բղավել։ Նա նաև տեսել է, որ բերման ենթարկված եիտասարդների նկատմամբ անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել կարմիր բերետավոր ոստիկանները, իրեն ևս քաշքշել ու վիրավորել են․ «Ինձ էլ են վիրավորել ու քաշքշել՝ տանելու ըթնացքում, բայց կոնկրետ ներսում ինձ նորմալ են վերաբերվել, բայց նույնը չէի ասի տղաների մասով»։
Անին ասաց, որ ինքն իրեն խուլիգան չի զգում, հակառակը՝ ինքը լուսաբանել է ադրբեջանցիների այցի դեմ կատարված բողոքի ցույցը Երևանում, որը խուլիգանություն չէ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը