«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը տեխնիկական վերազինում իրականացնելու և հանրային մուլտիպլեքս վերադառնալու համար դրամահավաք է սկսել gofundme.com կայքում։
«Երկիր Մեդիան հայաստանյան հեռուստաեթերում մշտապես եղել է այն հեռուստատեսությունն, ուր տեղ չեն ունեցել կեղծիքը, ապատեղեկատվությունը ինչպես նաև գռեհկաբանությունն ու անճաշակությունը, երևույթներ, որով հագեցած էր և շարունակում է հագեցած մնալ մեր եթերը:
2022 թվականին անցկացված հեռարձակման հաճախականության արտահերթ մրցույթում Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը զրկվեց հանրապետական սփռման լիցենզիայից: Չնայած հանձնաժողովի ներկայացված փաստարկները վերաբերում էին տեխնիկական հագեցվածության և շենքային պայմանների բացերին, ակնհայտ է, որ որոշումը քաղաքական էր:
Բանն այն է, որ 2022 թվականի ՀՌԱՀ լիցենզավորման արտահերթ մրցույթին Երկիր Մեդիա հեռուստաընկերության ներկայացված հայտը մեկ տարի առաջ անցկացված հերթական մրցույթին ներկայացված հայտից տարբերվում էր միայն շահեկանորեն: Հեռարձակվող հաղորդումների թիվը կրկնապատկվել էր, ձևաչափերն՝ արդիականացվել, թեմատիկան՝ ընդլայնվել: Ինչ վերաբերում է հեռուստաընկերության տարածքային և շենքային պայմաններին, ինչպես նաև՝ տեխնիկական հագեցվածությանը, ապա դրանք մնացել էին նույնը:
Այնուամենայնիվ, եթե մեկ տարի առաջ մենք ստացել էինք հեռարձակման լիցենզիա, այս անգամ զրկվեցինք դրանից: Այս որոշումն, ի թիվս այլոց, պատճառաբանվում է նաև մեր հեռուստաընկերության տեխնիկական միջոցների թերհագեցածությամբ։ Մենք ամեն ինչ անելու ենք հեռուստաեթեր վերադառնալու և մեր արժեհամակարգին համապատասխան բովանդակությամբ մեր հեռուստադիտողին նորից հասանելի դառնալու համար։ Դրա համար խիստ անհրաժեշտություն է մեր տեխնիկական միջոցների արդիականացումը։ Ըստ այդմ մենք դիմում ենք նախորդ տասնամյակներում մեզ դիտող բազմահազար հեռուստադիտողներին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, հայկական կազմակերպություններին ու միություններին, անհատներին, իրենց հնարավորության սահմաններում օժանդակել մեր աշխատանքներին, նպաստել մեր իրապես համահայկական ու ժողովրդական հեռուստատեսության զարգացմանն ու աջակցել նորից եթեր վերադառնալուն ուղղված ջանքերին»,- ասվում է հեռուստատեսության տարածած հաղորդագրությունում։
Դրամահավաքին մասնակցելու համար պետք է անցնել հետևյալ հղումով
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը