«Փաստինֆո»-ն գրում է․
Առաջիկայում Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կհրապարակվի զեկույց, որտեղ հակիրճ ներկայացված կլինեն 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո Արցախի բնակչության հանդեպ ադրբեջանցիների կողմից իրականացված արարքները։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Ըստ նրա՝ թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակչության հանդեպ ադրբեջանցիների հանցավոր արարքները նույն բնույթի են, ինչը կասկածից վեր է, ուղղակի, Արցախի պարագայում դրանք ավելի ագրեսիվ դրսևորումներ ունեն։
«Ադրբեջանը հստակ նպատակ ունի՝ անել ամեն ինչ, որ մարդիկ թողնեն իրենց հայրենի տներն ու հեռանան Արցախից, իրենց հայրենիքից։ Այդ նպատակն իրագործելու համար աշխատում են երկու ուղղությամբ․ 1․ փորձում են ահաբեկել, հուսալքության և վախի մթնոլորտ ձևավորել Արցախում, և 2․ հանցավոր կերպով ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական տարածքների պատմամշակութային հուշարձաններից վերացնել հայկական արձանագրությունները։ Սրանք Ադրբեջանի հայատյաց քաղաքականության տարբեր բաղադրիչներն են»,- մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։
Գեղամ Ստեփանյանը այս իրավիճակում կարևոր է համարում խաղաղապահների դերակատարումը, որոնք, ըստ էության, Արցախում են խաղաղությունը պահպանելու առաքելությամբ։
«Խաղաղապահները պետք է օժտված լինեն լիազորությամբ՝ անհրաժեշտության դեպքում պարտադրանք կիրառել ադրբեջանցիների նկատմամբ, ստիպել զերծ մնալ հանցավոր արարքներից և ապահովել խաղաղությունն այս տարածքում։ Բացի այդ, ես գտնում եմ, որ խաղաղապահները պետք է ունենան նաև տարբեր միջադեպերը հստակ քննության առնելու և գնահատական տալու լիազորություններ»,-նշեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը