12 02 2022

Հին Թաղերից և Խծաբերդից գերեվարված 62 շիրակցիներից 30-ը դեռևս գերության մեջ են. «Փաստինֆո»

Հին Թաղերից և Խծաբերդից գերեվարված 62 շիրակցիներից 30-ը դեռևս գերության մեջ են. «Փաստինֆո»

Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ տարածքում գերեվարված 62 շիրակցիներից 30-ը դեռևս գերության մեջ են, հայրենադարձված 32 զինծառայողները քրեական գործի շրջանակներում տուժող են ճանաչվել։ Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ գերեվարվածներից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Մեղադրյալի կարգավիճակ ունի միայն 2021 թվականի նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողներից 6-ը, «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Լրատվամիջոցը ՀՀ քննչական կոմիտե ուղարկված հարցմամբ խնդրել է տեղեկացնել, թե 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում հայ զինծառայողների գերեվարման դեպքերի առթիվ քանի՞ քրեական գործ է հարուցվել, հարուցված քրեական գործերի շրջանակներում քանի՞ ռազմագերու է մեղադրանք առաջադրվել և ի՞նչ հատկանիշներով, խափանման ի՞նչ միջոց է կիրառվել վերջիններիս նկատմամբ, արդյոք Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդի տարածքում 62 շիրակցիների գերեվարման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունե՞ն հայրենադարձված գերիները, քանի՞ ռազմագերի կամ գերեվարված քաղաքացիական անձինք են տուժող ճանաչվել՝ քրեական գործերով։

ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ-ից ստացված պատասխանի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման թիրախներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում քննության առարկա են դարձվել նաև ագրեսիայի ակտի ընթացքում հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման բոլոր դեպքերը, այդ թվում՝ ռազմագերիների նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու դեպքերը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ 2020 թվականի դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տարածքում մարտական հերթապահությունում ընդգրված 62 զինծառայողների գերեվարման փաստի առթիվ նույնպես առկա է հարուցված քրեական վարույթ։ Նշված 62 զինծառայողներից 30-ը 2022 թվականի փետրվարի 9-ի դրությամբ Ադրբեջանում պահվում են գերության մեջ, ՀՀ-ին հանձնված մյուս 32 զնծառայողները քրեական վարույթի շրջանակներում ճանաչված են որպես տուժող, վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, այսինքն՝ նրանք մեղադրյալի կարգավիճակ չունեն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ