ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 7-ին հրավիրել է հերթական նիստը: Օրակարգում ԱԺ «Հայաստան» խմբակցություն հեղինակած ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին եզրակացություն տալու վերաբերյալ հարցն էր:
Հիմնական զեկուցող «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Աղվան Վարդանյանի խոսքով՝ առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68.000 ՀՀ դրամից դարձնելով 100.000դրամ:
Պատգամավորը նշել է, որ առաջարկի հիմքում դրված են մի շարք սոցիալ-տնտեսական հիմնավորումներ, մասնավորապես, սպառողական զամբյուղին վերաբերող տվյալները, ըստ որի՝ այն 2021թ-ին կազմել է 70.000 դրամ:
Հարակից զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ներկայացրել է Կառավարության կարծիքն օրինագծի վերաբերյալ:
Փոխնախարարի խոսքով՝ Կառավարության 2021-2026 թթգ ծրագրի համաձայն գործադիրը մինչեւ 2026 թվականը քայլեր է ձեռնարկելու նվազագույն աշխատավարձը 85.000 դրամ սահմանելու ուղղությամբ: Նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումն ապահովվելու է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները: Ռուբեն Սարգսյանը նաեւ նշել է, որ նախագծի ընդունման դեպքում ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը կկազմի միջին աշխատավարձի մոտ 50%-ը, ինչը, ըստ նրա, բավական բարձր է եւ կարող է հակադարձ ազդեցություն ունենալ տնտեսական զարգացման վրա: Ուստի, Կառավարությունն առաջարկել է գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ օրենքի նախագիծն ունի լրամշակման կարիք: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ օրենքի նախագիծը պետք է ներկայացվեր փաթեթով, քանզի այն հակասում է մի շարք օրենքների:
Քվեարկության արդյունքում հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը