04 02 2022

ՄԻՊ աշխատակիցներն այցելել են այն մանկապարտեզ, որտեղ երեխայի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին ահազանգ է եղել

ՄԻՊ աշխատակիցներն այցելել են այն մանկապարտեզ, որտեղ երեխայի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին ահազանգ է եղել

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այսօր տարածված տեղեկությանը, որ Երևանի մանկապարտեզներից մեկում երեխայի նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքեր են գրանցվել։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Երևանի մանկապարտեզներից մեկում երեխայի նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ հրապարակումից անմիջապես հետո, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, աշխատակազմի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցներն այցելել են այդ մանկապարտեզ:

Տեղի են ունեցել առանձնազրույցներ աշխատողների և տնօրինության հետ:
Օրվա ընթացքում նախաձեռնվել են բազմակողմանի մասնագիտական քննարկումներ Երևանի քաղաքապետարանի հետ:

Պաշտպանի աշխատակազմը նաև կապի մեջ է երեխայի ծնողի հետ:

Ի գիտություն է ընդունվել տեղեկությունն այն մասին, որ հարուցվել է քրեական գործ:
Երեխայի վերաբերյալ հրապարակումների բովանդակության հետ կապված` պետք է նկատի ունենալ, որ ցանկացած նյութ հրապարակելիս պետք է ղեկավարվել չվնասելու սկզբունքով, հարգել երեխայի արժանապատվությունն ու իրավունքները ցանկացած իրավիճակում:

Երեխայի մասին տվյալներ լուսաբանելիս հատուկ ուշադրություն պետք է դարձվի յուրաքանչյուր երեխայի անձնական կյանքի գաղտնիությանը:

Պաշտպանն իր իրավասության շրջանակում կշարունակի հետևել այս գործով ձեռնարկվող քայլերին, երեխայի իրավունքների ապահովման վիճակին:

Բոլորին հորդորում ենք նկատի ունենալ, որ երեխայի լավագույն շահը գերադասելի է ցանկացած իրավիճակում. հրապարակային աղբյուրներում չպետք է նշվեն այնպիսի տվյալներ, որոնք հնարավորություն են տալիս նույնականացնել երեխային կամ նրա ընտանիքը, այդ թվում` շեշտելով երեխայի ազգային կոնկրետ պատկանելիությունը, անգամ եթե անունները փոխված են (օրինակ` եթե նպատակն է ցույց տալ, որ առկա է խտրականություն ազգային պատկանելիության հիմքով, ապա առավելագույնը կարելի է նշել, որ խոսքն ազգային փոքրամասնության ներկայացուցչի մասին է):
Գրություններ են նախապատրաստվել ուղղված Երևանի քաղաքապետարանին և Ոստիկանությանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ