ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները պետական մրցանակի հայցման ներկայացնելու, պետական մրցանակներ շնորհելու և հանձնելու կարգն ու ժամկետները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
ՀՀ պետական մրցանակները շնորհվում են լավագույն ստեղծագործությունների, հայտնագործությունների (գյուտերի) և աշխատանքների հեղինակներին: Դրանք շնորհում է ՀՀ վարչապետը` համապատասխան որոշմամբ:
Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ՝ բացառությամբ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակների, որոնք շնորհվում են տարին մեկ անգամ:
Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը հանձնվում է երկու տարին մեկ անգամ` յուրաքանչյուր զույգ տարվա սեպտեմբերի 18-ին՝ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը, այդ առիթով գումարված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում:
Մրցանակը ստեղծագործության համահեղինակներին շնորհվելու դեպքում մրցանակի մաս կազմող դրամական պարգևը հավասար բաշխվում է համահեղինակների միջև, յուրաքանչյուրին հանձնվում են նաև կրծքանշան և վկայագիր:
Մահացած դափնեկրի կրծքանշանը և վկայագիրը հանձնվում են նրա ընտանիքին, իսկ դրամական պարգևը փոխանցվում է նրա ժառանգներին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պետական մրցանակի ներկայացման հայց
Պետական մրցանակի ներկայացման հայցը կարող են ներկայացնել «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքով նախատեսված անձինք, մարմինները, կազմակերպությունները, խորհուրդները և ՀՀ ԳԱԱ նախագահությունը, բաժանմունքները, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնը:
Մրցանակի հայցման համար առաջարկությունների ընդունումը մերժվում է, եթե ներկայացվող փաստաթղթերում առկա են կեղծ տեղեկություններ, աշխատանքն արդեն շահել է միջազգային այլ խոշոր մրցանակ (հինգ հարյուր հազար և ավելի ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգև) կամ միաժամանակ ներկայացվել է նմանատիպ մրցանակի հայցման համար, չեն պահպանվել մրցանակի հայցման համար առաջարկությունները ներկայացնելու համար նախատեսված պայմանները:
Հանձնաժողովը կամ կոմիտեն ներկայացված հայցերն ամփոփում է և ընտրված ստեղծագործությունները ՀՀ պետական մրցանակների շնորհման վերաբերյալ առաջարկությունների հետ ներկայացնում ՀՀ վարչապետի աշխատակազմ:
ՀՀ պետական մրցանակների մրցանակակիր ընտրող հանձնաժողովի ձևավորում
ՀՀ պետական մրցանակների մրցանակակիր ընտրող հանձնաժողովը կազմված է 10 անդամից, որոնց լիազորությունների ժամկետը երեք տարի է: Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով և իրենց կազմից ընտրում են հանձնաժողովի նախագահ:
Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» ՀՀ օրենքով նախատեսված նախարարությունների, մարմինների և կազմակերպությունների կողմից սահմանված կարգով և նախատեսված թվաքանակով ներկայացված թեկնածուները:
Հասարակական կազմակերպությունները ներկայացնում են թեկնածու՝ հաշվի առնելով նրա բարձր մասնագիտական որակներ ունենալու և ոլորտի հեղինակավոր մասնագետ լինելու կամ հանրային հեղինակություն վայելելու հանգամանքը:
Մրցանակների հավակնորդների ընտրություն
Մրցանակների հավակնորդների ընտրությունն իրականացվում է՝ հիմք ընդունելով ստեղծագործությունների, հայտնագործությունների (գյուտերի) և աշխատանքների արժեքավորությունը և նշանակությունը տվյալ ոլորտի զարգացման համար և այլ չափանիշներ:
Ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառների մրցանակի թեկնածուների հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները, ինչպես նաև դրանց կցված նյութերը հանձնաժողովը կարող է ուղարկել անկախ փորձաքննության՝ ելնելով սահմանված չափանիշներից: Փորձաքննությունն անցկացնում են համապատասխան ոլորտի առաջատար կազմակերպություններ կամ առանձին փորձագետներ, որոնց ցանկը յուրաքանչյուր տարի որոշում է համապատասխան հանձնաժողովը:
Մրցանակի դափնեկրի թեկնածուին ընտրելու վերաբերյալ որոշումը հանձնաժողովն ընդունում է փակ քվեարկությամբ, հանձնաժողովի նիստին մասնակցած անդամների ձայների առնվազն երկու երրորդով:
Հանձնաժողովների անդամներն իրենց ստեղծագործությունների, հայտնագործությունների (գյուտերի) և աշխատանքների համար չեն կարող հավակնել օրենքով սահմանված պետական մրցանակներ ստանալուն:
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի թեկնածուների հավակնորդների ընտրությունն իրականացնում է մրցանակաբաշխության կոմիտեն՝ հիմք ընդունելով ստեղծագործությունների, հայտնագործությունների (գյուտերի) և աշխատանքների արժեքավորությունը, նշանակությունը տվյալ ոլորտի զարգացման համար և այլ չափանիշներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը