17 01 2022

1044 կգ սիգ է առգրավվել, շրջակա միջավայրին հասցվել է 5,2 մլն դրամի վնաս

1044 կգ սիգ է առգրավվել, շրջակա միջավայրին հասցվել է 5,2 մլն դրամի վնաս

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան» ազգային պարկի և մի շարք այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ամփոփվել են 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող խիստ վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագրի արդյունքները։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին այս ամբողջ ընթացքում իրականացրած փոխկապակցված, ծավալուն և արդյունավետ աշխատանքի համար։ 

«Խիստ վերահսկողության միջոցառումների այս ծրագիրը ցույց տվեց, թե ինչպես պետք է միմյանց լրացնելով աշխատեն պետական գերատեսչությունները, որպեսզի ունենանք նկատելի արդյունք։ Միջոցառումների մեկնարկի սկզբում մեր առջև դրված գրեթե բոլոր թիրախներին հասել ենք՝ գրանցելով գոհացուցիչ արդյունք։ Եվ ինչն ամենակարևորն է ինձ համար, ակնառու է նաև խնդրին հասարակական վերաբերմունքի փոփոխությունը։ Ամբողջ ընթացքում թե՛ Սևանա լճի ափամերձ համայնքների բնակիչներն ու ձկնորսները, և թե՛ շուկաներում սիգ փնտրող մեր քաղաքացիները կառուցողական վերաբերմունք են ցուցաբերել վերահսկողական միջոցառումներին։ Ցանկացած գործընթացի կայացման հիմնարար երաշխիքն առաջին հերթին հանրության շրջանում ունեցած աջակցությունն է»,-նշել է նախարարը։

Հակոբ Սիմիդյանը նաև անդրադարձել է միջոցառումների ընթացքում արձանագրված կազմակերպչական բնույթի խնդիրներին, որոնց շատ արագ տրվել են կարճատև լուծումներ և խոստացել, որ արդյունքների ամբողջական ամփոփումից ու որոշակի վերլուծություններից հետո կմշակվեն դրանց համակարգային լուծումների տարբերակները։

Այսպիսով՝ վերահսկողական միջոցառումների արդյունքում առգրավվել է 2667 հատ սիգ տեսակի ձուկ՝ 1044 կգ ընդհանուր քաշով, լճից դուրս է բերվել 111 հատ ձկնորսական պոլիէթիլենային ցանց, հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 5․221․500 ՀՀ դրամի չափով:

Նախապատրաստվում են նյութեր ՀՀ քրեական օրենսգրքի 292 հոդվածի հատկանիշներով (թվով 29) և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 89 հոդվածի հատկանիշներով (թվով 2)։

Վերասկողության միջոցառումների վերաբերյալ առավել մանրամասն տվյալները կներկայացվեն առաջիկայում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ