Երեկ` հունվարի 14-ին, Yerevan.Today-ը տեսանյութ էր հրապարակել ոստիկանության պարեկային ծառայողների մասնակցությամբ բռնության մի նոր միջադեպի մասին: Լրագրողին հաջողվել է գտնել հունվարի 11-ին «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտ միջադեպից տուժած վարորդին, ով, ի դեպ, խմբագրություն է ներկայացել թևի վիրակապով:
Պարզվում է՝ ոստիկանության բռնությունից տուժած երիտասարդը՝ Նարեկ Մկրտչյանը, ստիպված է լինելու 4 շաբաթ մեկ ձեռքով մեքենա վարել և հանդուրժել ֆիզիկական տեղաշարժի որոշակի սահմանափակումներ:
Պատճառը նոր մոդելի ոստիկանների հետ միջադեպն է, որ ծագել էր «փաստաթղթերը ներկայացնելու ձևի մատուցման պատճառով»: Ընդգծենք, Մեգամոլի տարածքից բռնությամբ բերման ենթարկված վարորդը բաժնում պարզաբանումներ տալուց առաջ սուր ցավերով շտապօգնությնա կանչով տեղափոխվել է Թիվ 1 հիվանդանոց՝ թևը «տեղը գցելու» բուժծառայության համար: Ու այս ամբողջ խնդիրները առաջացրել են «բարեփոխված» ոստիկանները, որոնք նոր մոդելի ծառայություն են մատուցում այս «բարեփոխումների» կնքահայրը համարվող Դանիել Իոաննիսյանի ճաշակով:
Հիշեցնենք, նոր մոդելով ստացված ոստիկանները՝ որպես պարեկային ծառայողների ներդրվել են իրավապահ համակարգում՝ ի հաշիվ ՃՈ-ի և Պարեկապահակային ծառայության ստորաբաժանման լուծարումների: Խոստովանենք, ամերիկյան մոդելի նոր հայ ոստիկանները հաճախադեպ են հայտնվում միջադեպերի կենտրոնում՝ ընդհուպ մահվան ելքով հետիոտնի վրաերթի դեպքեր են արձանագրվել՝ պարեկայնծառայողների մասնակցությամբ:
Չմոռանանք ամենասկանդալային լուրը նորաստեղծ պարեկային ծառայության ղեկավարի անվան շուրջ։ Տարեմուտից առաջ Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանը, ըստ «Հրապարակ» թերթի, ալկոհոլի ազդեցության տակ վթարի էր ենթարկվել, կողքին եղել էր կինը․ վերջինիս մարմնական վնասվածքներով տեղափոխել էր հիվանդանոց։ Ուշագրավ հանգամանքն էր ֆիքսել մամուլը, որ պարեկային ծառայության ղեկավարն ալկոհոլ օգտագործած է եղել, ու այդ հանգամանքը ամեն կերպ փորձում են թաքցնել ոստիկանությունում, ավելին՝ վերջինիս գործուղել են ԱՄՆ՝ վերապատրաստման նպատակով:
Փաստորեն, խրախուսվում է բռնությունն ու ապօրինությունը՝ նոր մոդելի ոստիկանների համար․ այս կարծիքին է նաև Մեգամոլի մոտ պարեկային ծառայողների մասնակցությանմբ բռնության միջադեպից տուժած Նարեկ Մկրտչյանը:
«Միգուցե ամերիկյան մոդելով նոր ոստիկանները մարդկանց պիտի ծեծեն ու ջարդե՞ն
ի՞նչ իմանամ, գուցե օրենքն հիմա դա է թելադրում։ Եթե այդպես է, ուրեմն ինձ հետ կատարվածը լրիվ մտնում է այդ տրամաբանության մեջ»,- տարակուսում է Նարեկ Մկրտչյանը, ով, ի դեպ, ԱԱԾ նախկին ծառայող է:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը