Նախօրեին՝ հունվարի 11-ին, ժամը՝ 19-ի դրությամբ Նոր Նորքի 2-րդ զանգվածում Yerevan.Today-ի լրագրողը պատահաբար ականատես է եղել ոստիկանության նոր պարեկային ծառայողների ու ԱԱԾ նախկին աշխատակցի միջև ծագած միջադեպի, որն ավարտվել է ԱԱԾ աշխատակցի մարմնական վնասվածքով և ոստիկանության դեմ բողոքով: Բանն այն է, որ ԱԱԾ նախկին աշխատակիցը հրաժարվել է ոստիկանին առձեռն տրամադրել փաստաթղթերը, ինչի իրավունքն ինքն ունի՝ որպես վարորդ, բայց նրա իրավաչափ գործողություները, չգիտես ինչու, նյարդայնացրել է պարեկային ծառայողներին ու դարձել միջադեպի պատճառ:
Yerevan.Today-ի տեսախցիկը հասցրել է ֆիքսել, թե ինչպես են ոստիկանության պարեկային ծառայողները ագրեսիվ բացում «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց կայանվող մեքենայի դուռը և բռնի ուժով քաշքշելով փորձում դուրս բերել վարորդին ու ձեռնշղթա հագցնել նրան: Ընդգծեմ՝ այդ ընթացքում նրանք վարորդին «արա»-ով ու գռեհիկ տոնով էին դիմում։ Մոտ 8 րոպե տևած միջադեպի մի մասը հաջողվել է մեզ տեսանկարահանել։ Հուսանք՝ ՀՔԾ-ում վարորդի բողոքի հիման վրա պատշաճ քննություն կանցկացվի, տուժողն արդեն իսկ առևտրի կենտրոնից պահանջել է տեսախցիկների պարունակությունը:
Հիշեցնենք, մամուլում պարբերաբար տեղեկատվություն է հայտնվում զանազան միջադեպերի մասին, այդ թվում՝ մահվան ելքով, որ կատարվել է 6 ամիս առաջ ներդրված ոստիկանական պարեկային ծառայության աշխատակիցների մասնկացությամբ: Ու չնայած այս աղմկահարույց փաստերին, փոխոստիկանապետ Ֆիդանյան Արան վստահաբար պնդում է, որ նոր մոդելի ոստիկանությունն արդարացրել է իրեն:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը