05 01 2022

Ղազախստանում ցուցարարները տապալել են Նազարբաևի հուշարձանը

Ղազախստանում ցուցարարները տապալել են Նազարբաևի հուշարձանը

Ղազախստանում հակակառավարական ցույցերի մասնակիցները Ալմաթիի շրջանի վարչական կենտրոն համարվող Թալդըկորգան քաղաքում ապալել են հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հուշարձանը, իջեցրել  պատվանդանից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական KazTAG պորտալին։

Ավերված հուշարձանի լուսանկարը հրապարակվել է պորտալի Telegram ալիքում։ 

Չորեքշաբթի ավելի վաղ Sputnik Ղազախստանը հայտնել էր հուշարձանը տապալելու փորձերի մասին։

Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն եւ Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ ընդդեմ հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման, ինչը էներգետիկայի նախարարությունը բացատրել է նրանով, որ հունվարի 1-ից էլեկտրոնային բորսայում գները ձեւավորվել են առաջարկ-պահանջարկի հիման վրա։

Տոկաեւը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով՝ ուսումնասիրելու իրավիճակը, իսկ հունվարի 4-ին իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են կատարել ցուցարարների հիմնական պահանջը՝ նվազեցնել գազի գինը։ Չնայած դրան՝ բողոքի ակցիաները շարունակվել են այլ քաղաքներում։

Հանրապետությունը սահմանափակել է ինտերնետի եւ մեսենջերների աշխատանքը։ Նախագահը արտակարգ դրություն է մտցրել Ալմա Աթա, Ալմաթի եւ Մանգիստաու շրջաններում։ Պարետային ժամ է սահմանվել, արգելվել են զանգվածային միջոցառումները, տեղաշարժը սահմանափակվել է։ 

Հունվարի 5-ի առավոտյան Տոկաեւը պաշտոնանկ է արել կառավարությանը եւ հանձնարարել վեց ամսով սահմանել հեղուկ գազի եւ բենզինի գների պետական ​​կարգավորում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ