31 12 2021

Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայրերով, նպատակաուղղված. Գեղամ Ստեփանյան

Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայրերով, նպատակաուղղված. Գեղամ Ստեփանյան

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանդես է եկել Ամոնորի շնորհավորական ուղերձով:

Ուղերձում ասվում է.

«Նախորդ տարիների ամանորյա անհոգ բարեմաղթանքներն այսօր, գուցե, արդիական չեն, մեր հստակ անելիքների ֆոնին զուտ երազանքներն ու իղձերն ուղղակի շռայլություն են։ Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայրերով, նպատակաուղղված...

Իսկ Ամանորի նախաշեմին ուղղակի կցանկանայի գնահատել և երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ում վարքը համարում եմ օրինակելի։

Խոնարհումս մեր զոհված հերոսների հարազատներին և երախտագիտությունս բոլոր ժամանակներում մեր անվտանգության դիրքերում կանգնած բոլոր-բոլորին։

Երախտապարտ եմ Արցախում ապրող իմ հայրենակիցներին, որ բազմաթիվ անորոշություններ ու փորձություններ հաղթահարելով, շարունակում են կառչած մնալ հողին՝ հստակ հասկանալով, որ մեր ներկայությունն այստեղ ի վերջո որոշիչ գործոն պետք է լինի։ Սահմանային դարձած համայնքների բնակիչներին, որոնց այցելելիս կամովի ավելի ես ամրապնդվում։

Երախտապարտ եմ Արցախի բոլոր այն քաղաքացիներին, որոնք սրտացավ են տեղահանվածներ նկատմամբ, նրանց առջև իրենց տան վարձերը չեն բարձրացնում, քանզի կարճաժամկետ նյութական շահը չի կարող և չպետք է գերակա լինի ապրումակցման, մարդասիրության և հոգատարության արժեքներին։ Պետական այն պաշտոնյաններին, որոնք քաղաքացիների հետ հարաբերվելիս բարձր դիրքից չեն խոսում (դրա իրավունքը չունեն), այլ հակառակը՝ կանգնում են նրանց կողքին՝ ձեռք-ձեռքի տված լուծելու նրանց խնդիրները։

Երախտապարտ եմ իմ հայրենակիցներին Արցախում և Հայաստանում, որոնք միշտ վեր են կանգնած «ղարաբաղցի-հայաստանցի» անընդունելի ու դատապարտելի խոսույթից։ Երախտապարտ եմ Հայաստանում ապրող մեր հայրենակիցներին, որոնք ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև անցնող տարվա ընթացքում և միշտ, իրենցից ինչ-որ բան կտրելով, ապրեցրել են Արցախը։

Երախտապարտ եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին անսահման նվիրումի և այն գիտակցման համար, որ հայրենիքը՝ Հայաստանն իր Արցախի հետ միասին, և միայն հայրենիքն է մեր ինքնությունը սնուցող միակ աղբյուրը։ Երախտապարտ եմ այդ աղբյուրի ակունքներն անաղարտ պահելու համար։ Հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից և տեղեկատվական անվերահսկելի հոսքերում Արցախի ներկան ձեզ համար հաճախ այնքան էլ հասկանալի չէ, ուրեմն շարունակեք գալ, ձեր աչքերով տեսնելու ու հստակեցնելու ձեր հետագա անելիքները։

Երախտապարտ եմ մեր երկրի և ժողովրդի օտարերկրյա բարեկամներին և միջազգային կազմակերպությունների այն սակավաթիվ ներկայացուցիչներին, որոնք, քաղաքական ցանկացած խոչընդոտ հաղթահարելով, կանգնում են ճշմարտության, մարդու իրավունքների պաշտպանության դիրքերում։

Շնորհակալ եմ այն լրագրողներին, որոնք դրվագային փառքի փոխարեն հասարակությանը մաքուր ու անաչառ տեղեկություն փոխանցելու ճիշտ ու արհեստավարժ դիրքերում են աշխատում։ Մեր օրերում դա անչափ կարևոր է։

Ամանորյա բարեմաղթանքս բոլոր-բոլորին՝ արեք այնպես, որ եկող 2022 թվականին որևէ մեկը ձեզ ուղղակի պարզ մարդկային ասի՝ երախտապարտ եմ։

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ