ԱԺ-ում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը, Իշխան Սաղաթելյանի օգնական Սեւակ Նազարյանը եւ Արմենուհի Կյորրեղյանի օգնական Տարոն Նազարյանը հրավիրվել են ԱԱԾ՝ բացատրություն տալու։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Սեւակ Նազարյանը
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի օգնականը լրագրողներին պատմել է, որ ինքը միջանցքով անցնելիս ձայներ է լսել եւ մոտենալով տեսել է, որ իշխող խմբակցության պատգամավորները փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում մի քանի հոգով ծեծի են ենթարկել ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականներին։ Մասնավորապես՝ ծեծողների թվում նա ճանաչել է Վահագն Ալեքսանյանին, Հրաչյա Հակոբյանին, տեսել է նաեւ Սիսակ Գաբրիելյանին։ Նա պնդում է, որ անվտանգության աշխատակիցները ներկա են եղել, սակայն որեւէ կերպ չեն միջամտել։
Նրա խոսքով՝ մասնավորապես, ծեծի են ենթարկվել Արմենուհի Կյուրեղյանի, Թադեւոս Ավետիսյանի եւ Իշխան Սաղաթելյանի օգնականները, այդ թվում Գերասիմ Վարդանյանը։
Միջադեպից հետո բողոքի ակցիա էր տեղի ունեցել Ազգային ժողովի շենքի մոտ, որի մասնակիցները պահանջում էին միջադեպին մասնակից պատգամավորներին իջնել եւ պարզաբանում տալ իրենց, իսկ վերջում նաեւ պահանջեցին նրանցից վայր դնել մանդատները՝ տալով ողջամիտ ժամկետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը